ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) հետ համագործակցությունը տալիս է իր առաջին արդյունքները

01.03.2021

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL)  և ՀՀ գիտության կոմիտեի միջև 2019 թ. հուլիսին կնքված փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում 2020 թ. փետրվարին ստորագրվել է ֆինանսական պարտավորությունների մասին պայմանագիր, որով սահմանվել են հուշագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։

 

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) նպատակն է նկարագրել մոլորակի բոլոր կենդանի տեսակներն ըստ մոլեկուլային մարկերների (շուրջ 10 մլն տեսակ) և այդ տվյալները ներառել ընդհանուր տեղեկադարանում։ iBOL-ի ծրագրերին մասնակցությունը հայ կենսաբաններին թույլ կտա իրականացնել հազարավոր տեսակների հետազոտություններ մոլեկուլային մակարդակում, ինչպես նաև ինտեգրվել համաշխարհային նշանակության գիտական աշխատանքներին։ Նախագծի գիտական հանձնաժողովում Հայաստանը միաժամանակ ներկայացնում են երկու մասնագետներ՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների  բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ  գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

 

ՀՀ գիտության կոմիտեի և iBOL-ի միջև պայմանագրի շրջանակներում Հայաստանի մասնագետներն արդեն մասնակցում են  երկու միջազգային ծրագրերի: Դրանցից մեկը «Կովկասում կյանքի շտրիխ կոդավորում» ծրագիրն է (Caucasus Barcode of Life - CaBOL), որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարությունը: Ծրագրում ներգրավված են Գերմանիայի, Հայաստանի, Վրաստանի մի շարք գիտական  և կրթական հաստատություններ:  Ծրագրի նպատակն է  ստեղծել կենսաբազմազանության կենտրոն, որտեղ  կհավաքագրվեն Կովկասի  հարուստ  կենսաբազմազանության  կենդանիների և բույսերի  տեսակներ, և կստեղծվի տվյալների բազա: Ծրագրում Հայաստանից ներգրավված են  Երևանի պետական համալսարանը և  ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը:  2020 թ.-ին կենտրոնի մասնագետները՝ լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանը և Մարինե Դալլաքյանը, ինչպես նաև ԵՊՀ կենդանաբանության  ամբիոնի մասնագետներն իրականացրել են դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում հավաքագրվել են մեծ քանակով նմուշներ: Հայաստանում հավաքված նմուշների լաբորատոր մշակումն իրականացվելու է հիմնականում ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնի լաբորատորիայում՝ ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի և ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանի և Սարգիս Աղայանի ղեկավարությամբ: CaBOL-ի տվյալների բազան կարևոր գործիք կդառնա Հայաստանի բնության հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված  հանրային միջոցառումների իրագործման համար:

 

Պայմանագրի շրջանակներում Հայաստանի գիտնականները մասնակցում են նաև Եվրոպական հետազոտական խորհրդի կողմից աջակցվող «Մոլորակի կյանքի գույքագրում» ծրագրին (LIFEPLAN – A Planetary Inventory of Life), որով նախատեսվում է ժամանակակից մեթոդներով համաշխարհային մասշտաբով իրագործել կենսաբազմազանության  ուսումնասիրություն: Ծրագրի առաջատար կազմակերպություններն են Հելսինկիի համալսարանը և Շվեդիայի գյուղատնտեսական համալսարանը: Վերջիններիս գլխավորությամբ ավելի քան  հարյուր երկրներում ստեղծվել են  աշխատանքային խմբեր:  Հայաստանում ևս ձևավորվել է  աշխատանքային խումբ` Մ. Քալաշյանի ղեկավարությամբ, որում ընդգրկված են Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի մասնագետներ: Համագործակցող կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, և կազմակերպություններն ստացել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից որոշ սարքավորումներ: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թ. մարտ ամսից:

ԵՊՀ-ում կենդանիների շտրիխ-կոդավորման համար հավաքագրված նմուշների տեսակավորում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դաշտային աշխատանքներ (ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն)