ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սկսվել է թեմաների ֆինանսավորումը

01.09.2020

Սեպտեմբերի 1-ից սկսվում է ՀՀ գիտության կոմիտեի կողմից մայիսին հայտարարված «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2020» մրցույթի թեմաների ֆինանսավորումը:

 

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2020» մրցույթը էապես տարբերվում էր նախորդ տարիներին հայտարարած ասպիրանտների մրցույթից։ Մրցույթին կարող էին դիմել մինչև 35 տարեկան առկա ուսուցման ասպիրանտները, երկրորդ և բարձր կուրսի հեռակա ասպիրանտները, ինչպես նաև երկրորդ և ավել տարվա STEM մասնագիտությունների հայցորդները։ Կախված ենթածրագրից՝ թեմաների ֆինանսավորման տևողությունը մեկից երեք տարի է, նախկին մեկի փոխարեն, շահառու ասպիրանտների ամսական վարձատրությունը՝ 150 հազար դրամ՝ նախկին 100 հազարի փոխարեն։ Ասպիրանտի ղեկավարի համար սահմանված էր աշխատանքի վարձատրություն՝ մինչև 600 հազար դրամ մեկ տարվա կտրվածքով, որը նախկինում չի եղել։ Յուրաքանչյուր հայտի առավելագույն գումարը երեք միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ էր։ Ծրագիրը կազմված է 3 ենթածրագրերից, որոնցից  յուրաքանչյուրի համար սահմանված էին նախորդ մրցույթների համեմատ բավականին բարձր շեմային պայմաններ՝ միջազգային ինդեքսավորված ամսագրերում տպագրություններ, անգլերենի իմացության բարձր մակարդակ։

 

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 32 հայտ, որից ֆինանսավորման է երաշխավորվել 11-ը: Մրցույթի արդյունքներով ընտրված գիտական թեմաների ցանկին, որը  հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. օգոստոսի 27-ի N 1114-Ա/2 հրամանով, կարող եք ծանոթանալ http://scs.am/files/cank-asp-yerit-haycord-2020.pdf հղումով:

 

Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության մրցույթներն անցկացվելու են ամեն տարի։