ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Yes Armenia ծրագրի իրականացումը կրթության և գիտության ոլորտում

30.01.2018

Հունվարի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Գիտության պետական կոմիտեում հանդիպեց «YES Armenia» ծրագրի մասնակիցների հետ, ովքեր ներգրավված են  Գիտության պետական կոմիտեի,  «Գիտական ծրագրերի ինտեգրմանն  աջակցության կենտրոն» հիմնադրամի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատանքներում։  

Հանդիպմանը մասնակցում էին նաև կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, նախագահի տեղակալ  Վարդան Սահակյանը,  հիմնադրամի տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանը և ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Վ. Շիրվանյանը և այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն էր «YES Armenia» մասնակիցների աշխատանքային ծրագրերի հստակեցումը և ժամանակացույցերի ու կոնկրետ պլանների սահմանումը: Մասնակիցներից յուրաքանչյուրն իր ղեկավարի հետ ներկայացրեց ստացած հանձնարարականները և դրանցից բխող խնդիրները:

Նախարարը նշեց, որ հանձնարարականները պետք է ձևակերպված լինեն հստակ՝ կոնկրետ խնդիրների շուրջ, բխեն գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում այսօր առկա պահանջներից և նպատակաուղղված լինեն արդիական խնդիրների լուծմանը: Միաժամանակ, պարոն Մկրտչյանը խիստ կարևորեց 3 կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը թե՛ ընդհանուր միասնական աշխատանք կատարելու առումով և թե՛ աշխատանքների արդյունավետությունից ելնելով:

Հիշեցնենք, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրամիության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է  «YES Armenia» ծրագիրը, որին մասնակցում են հայ երիտասարդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Սփյուռքից: Ծրագիրը հնարավորություն է տվել 21 երիտասարդների 12 ամիս աշխատել ՀՀ նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում՝ քաղաքացիական ծառայության մեջ ներդնելով նոր դինամիկա ու էներգիա և աջակցելով նրա արդիականացմանը։