ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ուշադրություն. ակադեմիական փոխանակման ծրագրեր՝ Լեհաստանում

03.03.2020

Ակադեմիական փոխանակումների լեհական ազգային գործակալությունը (NAWA) հայտարարել է դոկտորանտական հետազոտություններով զբաղվողների ներգրավման  «Ուլամ» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող անձինք, ովքեր նպատակ ունեն 6-24 ամիս տևողությամբ ուսումնասիրություններ կատարել Լեհաստանում հետևյալ  ուղղություններով.

-հետազոտական և (կամ) զարգացման աշխատանքների իրականացում,

-դոկտորանտական վերապատրաստում,      

-գիտական աշխատանքի կամ հոդվածների համար նյութերի ձեռքբերում,

-հյուրընկալող կենտրոնում դիդակտիկ դասընթացների անցկացում:  

Ծրագրի շահառուներին տրամադրվող ամսական մոտ 2400 եվրո կրթաթոշակը ներառում է հյուրընկալող հաստատությունում կեցության ծախսերը և շարժունակության հավելավճարը: Հայտերն ընդունվում են մինչև 2020 թ. ապրիլի 15-ը: Մանրամասներին և համապատասխան պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://nawa.gov.pl/en/scientists/the-ulam-programme:

 

Ակադեմիական փոխանակումների լեհական ազգային գործակալությունը հայտարարել է նաև ս.թ. փետրվարի 5-ից մարտի 16-ը մեկնարկած «Ստեֆան Բանախ» լեհական կրթաթոշակային ծրագրի մասին։ Նշված ժամկետներում հայտերով կարող են դիմել մագիստրատուրայի ինժեներական, տեխնոլոգիական, գյուղատնտեսության և բնական գիտությունների բաժինների ուսանողները: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://nawa.gov.pl/en/nawa/news/become-a-nawa-scholarship-holder-with-banach-programme: