ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ասուլիսում ներկայացվեց «Քենդլ» նախագիծը

30.11.2012

Նոյեմբերի 30-ին «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ասուլիս «Հայաստանում «Քենդլ» նախագծի իրականացման ընթացքը. ներկան եւ զարգացման հեռանկարները» թեմայով: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ «Քենդլ» նախագծի ղեկավար  Վասիլի Ցականովը:

 

Կոմիտեի նախագահը նախ անդրադարձավ «Քենդլ» նախագծին առնչվող իրավական ակտերին:  Նա նշեց, որ Հայաստանում սինքրոտրոնային լույսի աղբյուր ստեղծելու ծրագիրը կազմվել է 2002 թ., նախագիծը կյանքի կոչելու համար 2006 թ. ստեղծվել է «Քենդլ» ինստիտուտը: 2008 թ. դեկտեմբերի 4-ին ընդունվել է «Հայաստանում «ՔԵՆԴԼ» 3 գէվ էներգիայով 3-րդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուր ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով «ՔԵՆԴԼ»-ին տրվել է գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ: 2010 թ. մայիսի 6-ին ընդունված  «Սինքրոտրոնային ճառագայթման արագացուցիչ հենքի վրա «ՔԵՆԴԼ» միջազգային կենտրոնի նախագծի իրականացման միջոցառումների և պատասխանատու նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ նախագծի իրականացման պատասխանատու է սահմանվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, հաստատվել է «ՔԵՆԴԼ» նախագծի արժեքի 25 տոկոսի սահմաններում ՀՀ կառավարության ֆինանսական մասնակցություն ունենալու պատրաստակամությունը եւ Գիտության պետական կոմիտեին լիազորվել է բանակցություններ վարել և հրավիրել օտարերկրյա պետություններին ու միջազգային կառույցներին՝ մասնակցելու «Քենդլ»  միջազգային կենտրոնի կառուցմանն ու օգտագործմանը: 2012 թ. մայիսի 24-ին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ, հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը, ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին է սահմանվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն:

 

Բանախոսներն իրենց խոսքում մեծ տեղ հատկացրին Հայաստանի համար «Քենդլ» ծրագրի ռազմավարական նշանակությանը. արագացուցիչ ունենալով՝  Հայաստանը տարածաշրջանում, ուր 2000 կմ շառավղով այսպիսի կառույց չկա, գիտության ոլորտում կդառնա առաջատար երկիր եւ կապահովի իր ծանրակշիռ տեղը, ինչպես նաեւ կհայտնվի այն սակավաթիվ երկրների շարքում, որոնք միաժամանակ ատոմակայան եւ արագացուցիչ ունեն: «Քենդլ» ինստիտուտի բազայի վրա նպատակահարմար է ստեղծել հետազոտական համալսարան, իսկ ծրագիրն ընդհանուր առմամբ կնպաստի արտերկրի հայ գիտնականների համագործակցության զարգացմանը:

 

ԳՊԿ-ն բանակցություններ վարելու եւ ծրագրի իրականացման համար գործընկերներ գտնելու նպատակով 2010-2012 թթ. ընթացքում նախագծի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ է վարել եւ համագործակցության հուշագրեր կնքել Ֆրանսիայի Էներգետիկայի դեպարտամենտի, Գերմանիայի DESY արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի PSI ազգային արագացուցչային կենտրոնի, «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային գիտահետազոտական կենտրոնի,   Իտալիայի ELETTRA արագացուցչային կենտրոնի եւ  Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի (SINAP) հետ: Նշված բոլոր կենտրոններն էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել  «ՔԵՆԴԼ» նախագծի վերաբերյալ, ինչպես կառույցի ստեղծման, այնպես էլ փորձարարական ծրագրի փուլերում, եւ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել ծրագրի իրականացման գործում թե՛ ֆինանսական միջոցների, թե՛ սարքերի եւ սարքավորումների տեսքով:

 

«Քենդլ» նախագծի ղեկավար  Վասիլի Ցականովը, համապատասխան տեսանյութեր եւ լուսանկարներ ներկայացնելով, լրագրողներին պատմեց «Քենդլ» նախագծի մասին՝ հատկապես անդրադառնալով նախագծի առաջին փուլի՝ AREAL (Advanced Research Electron Accelerator Laboratory) լազերային գծային արագացուցչի կառուցման աշխատանքներին, որոնք սկսվել են  2011 թ.:

 

Վ. Ցականովը նշեց, որ AREAL-ը հնարավորություն կտա ստանալ փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի եւ արա­գա­ցուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է եւ գերակա ուղղու­թյուն է աշխարհի շատ առաջատար կենտրոնների համար: Այն կարեւոր գիտական եւ կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսա­բա­նու­թյան, քիմիայի եւ նյութա­գիտու­թյան բնագավառների առաջատար փորձա­րա­րական հետազոտությունների համար: AREAL նախագիծն իրագործվում է Գերմանիայի DESY ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակ­ցու­թյամբ, որոնք փորձագիտական աջակցությունից բացի, անհատույց կտրամադրեն բացառիկ ժամանակակից սարքավորումներ:

 

«Քենդլ» նախագծի ղեկավարի հավաստմամբ, AREAL արագացուցչի կառուցմամբ Հայաստանում կստեղծվի էլեկտրոնային արագացուցիչների եւ դրանց կիրառման ժամանակակից գիտահետա­զոտական փորձարարական լաբորատորիա, միջազգային բարձր մակարդակով մասնագետներ կպատրատվեն Հայաստանում, կձեւավորվի «Քենդլ» հիմնական արագացուցչի կառուցմանը պատրաստ գիտնական­ների եւ ինժեներների անձնակազմը, կփորձարկվեն «Քենդլ» հիմնական արագացուցչի հիմնական համակարգերի տեխնի­կական լուծումները, կզարգանա միջազգային համագործակցություն:

 

2012 թ. հունիսին միջազգային փորձագետների կողմից անցկացվել է AREAL լազերային գծային արագացուցչի կառուցման աշխատանքների ընթացքի փորձաքննությունը: Ավարտվել են արագացուցչի գիտատեխնիկական ենթակառուցվածքի տեղակայ­ման հիմնական շինարարական աշխատանքները: Ինստիտուտում ստեղծվել են գերբարձր վակուումային տեխնիկայի եւ գերբարձր ռադիո­հաճախության գեներատորների ժամանակակից լաբորատորիաները: Ներկայումս կառուցվում է փորձարարական սրահը եւ ամբողջա­կան ծավալներով ընթանում են փորձարարական աշխատանքները: AREAL նախագծի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շնորհալի երիտասարդ շրջանավարտները:

 

AREAL-ի վերջնական շահագործումը ծրագրված է 2013 թ. մայիսին: Իսկ բուն կենտրոնի շինարարարության աշխատանքները նախատեսվում է սկսել  2013 թվականի վերջին՝ կառավարության կողմից համապատասխան հողհատկացումից հետո:

 

Ասուլիսի վերջում Ս. Հարությունյանն ու Վ. Ցականովը պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին