ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Երեւանում կբացվի միջազգային նոր կենտրոնի գրասենյակը

25.07.2013

Հուլիսի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի եւ Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) միջեւ ստորագրվեց  գիտության եւ կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։

 

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանը, իսկ Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Ռ. Ռուֆֆինին:

 

Համաձայն համաձայնագրի ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի գրասենյակը՝ ICRANet-Yerevan կենտրոնը։ ICRANet-Yerevan կենտրոնը գործելու է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում, իրականացնելու է տեսական եւ դիտողական հետազոտություներ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի եւ կոսմոլոգիայի բնագավառներում, ինչպես նաեւ աջակցելու է ՀՀ-ում ժամանակակից գիտական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը:

 

Համաձայնագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային գիտական կենտրոնների հետ համատեղ հետազոտությունների խթանմանը: Կենտրոնը ICRANet-ի հետ միասին ներգրավված է լինելու  հետբուհական եւ հետդոկտորական միջազգային ծրագրերի իրականացման գործընթացում, կազմակերպելու է գիտական դպրոցներ և գիտաժողովներ: Մասնավորապես, առաջին միջազգային գիտաժողովը եւ ամառային դպրոցը նախատեսվում է անցկացնել 2014թ. հունիս-հուլիս ամիսներին:

 

ICRANet-Yerevan կենտրոնի ֆինանսավորումը սկսվելու է 2014թ.: