ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղի է ունեցել «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» երկրորդ զեկույցի շնորհանդեսը

08.06.2023

Հունիսի 7-ին Երևանում տեղի է ունեցել «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (I4SDR) երկրորդ զեկույցի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՄԱԿ-ի  Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը:

«Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (I4SDR) ծրագրի ուսումնասիրությունն իրականացվում է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ գիտության կոմիտեի կողմից: Ծրագիրը գնահատում է ինովացիոն քաղաքականության կառավարումը, գործընթացները և մեխանիզմները, վերհանում առկա բացթողումներն ու տրամադրում հստակ առաջարկություններ դրանց չեզոքացման ուղղությամբ։

 «Նորարարությունը Հայաստանի կայուն զարգացման համար» երկրորդ զեկույցի մշակման աշխատանքներն սկսվել են 2022 թվականից։ Զեկույցի մշակման փուլում ՄԱԿ փորձագետները մի շարք այցելություններ են ունեցել Հայաստան` ոլորտը ուսումնասիրելու և շահագրգիռ կազմակերպությունների հետ հանդիպելու նպատակով:

Շնորհանդեսի ժամանակ  ներկայացվել են «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (I4SDR)  ծրագրի արդյունքները, հիմնական բացահայտումներն ու առաջարկությունները, քննարկվել են ենթակառուցվածքների բարելավման միտումները, Հայաստանի ինովացիոն համակարգի հաջողությունները, հնարավորությունները և խոչընդոտները։

Ծրագրի արդյունքները կօգնեն նորարարության քաղաքականությամբ զբաղվող գերատեսչություններին, պետական և մասնավոր հատվածի այլ շահագրգիռ կողմերին իրենց որոշումների կայացման գործընթացում՝ դրանք դարձնելով առավել արդյունավետ։