ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ամփոփվել է IRMAS հայ-ֆրանսիական լաբորատորիայի երկամյա գործունեությունը

29.02.2012

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Լույսի փոխազդեցությունը միջավայրի հետ. ատոմներից դեպի պինդ մարմին» (IRMAS) միջազգային միացյալ լաբորատորիայի ղեկավարող կոմիտեի նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը, CNRS-ի ԱՊՀ բյուրոյի տնօրեն Միշել Տարարինը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կցորդ Գիյոմ Բռեժոն, ինչպես նաեւ ԳՊԿ, ՀՀ ԳԱԱ ՖՀԻ եւ Լիոնի Կլոդ Բեռնար համալսարանի պաշտոնական ներկայացուցիչներ: Նիստի նպատակն էր գնահատել լաբորատորիայի ընթացիկ գործունեությունը եւ առաջարկներ ներկայացնել հետագա աշխատանքի վերաբերյալ:

 

IRMAS-ի համաղեկավարներ Կ. Լեռուան եւ Ա. Պապոյանը մանրամասն ներկայացրեցին լաբորատորիայի աշխատանքը: Անցած երկու տարիների աշխատանքի արդյունքում բարձր վարկանիշ ունեցող գրախոսվող ամսագրերում և ժողովածուներում տպագրվել է 45 աշխատանք: Տպագրվել են նաեւ միջազգային գիտաժողովների 40 թեզիսներ: Որակապես նոր մակարդակի վրա է դրվել գիտական կադրերի պատրաստման խնդիրը: Համատեղ ասպիրանտուրայի ծրագրում ներգրավված են 6 ասպիրանտ, որոնցից երկուսն արդեն պաշտպանել են իրենց ատենախոսությունները Հայաստանում եւ ստացել են թե՛ հայկական, եւ թե՛ ֆրանսիական գիտական աստիճանի դիպլոմ:

 

Այս ժամանակահատվածում արդեն իսկ իրագործվել է 35 փոխադարձ այցելություն՝ համատեղ գիտական աշխատանքի, ասպիրանտների պատրաստման, Հայաստանում եւ Ֆրանսիայում միջազգային գիտաժողովների մասնակցության համար:

 

Հիշեցնենք, որ IRMAS (անգլերեն՝) լաբորատորիան ստեղծվել է  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջեւ 2009 թ. հունվարի 20-ին Փարիզում ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում՝ երեք գիտական կենտրոնների՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ), Բուրգունդիայի եւ Լիոնի Կլոդ Բեռնար համալսարանների կողմից: Ֆինանսավորումն իրականացվում է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի եւ Գիտության պետական կոմիտեի կողմից՝ համաֆինանսավորման սկզբունքով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին