ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Միջուկային փորձաքննության վերաբերյալ քննարկումներ` ԱՄՆ-ում

01.03.2017

Փետրվարի 21-ից 25-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գործուղվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Հայաստանի Հանրապետությունում միջուկային փորձաքննության ապագա զարգացման, ինչպես նաև նշված ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության խթանման հարցերին նվիրված հանդիպմանը մասնակցելու նպատակով:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում միջուկային փորձաքննության ոլորտի առանցքային հիմնախնդիրների, զարգացման հեռանկարների և նշված ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության խթանմանն առնչվող թեմաները, այդ թվում՝ միջուկային փորձաքննության ոլորտում փորձագիտության զարգացման նախագծի վերանայումը և նշված ոլորտում փորձագիտական համակարգի խթանման հնարավորությունների վերաբերյալ կարծիքների փոխանակումը,  նշված նպատակին ծառայեցված նախորդ քայլերի արդյունքների ամփոփումը և հետագա գործունեության ուղղությունների մշակումը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում միջուկային փորձաքննության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության ուսումնասիրությունը և փորձի փոխանակումը, միջուկային փորձաքննության ոլորտում առկա  խնդիրների դուրսբերումը և «կարիքների գնահատման» փաստաթղթի նախագծի լրամշակումը, ինչպես նաև միջուկային փորձաքննության ոլորտում փորձագիտության զարգացմանն ուղղված հետագա գործողությունների ծրագրի ձևակերպումը: 

 

Հանդիպման ընթացքում հնչել են մի շարք ելույթներ և քննարկումներ՝ նվիրված Հայաստանում միջուկային փորձաքննության ոլորտի արդի խնդիրներին, ներուժին, հնարավոր մարտահրավերների ուրվագծմանը և վերջիններիս համար հնարավոր լուծումների առաջարկմանը, կարիքների գնահատման գործընթացի վերանայմանը, վերջինիս անցկացման ժամկետների, ինչպես նաև այն անցկացնելու համար լիազորված անձին կամ հաստատությանը ներկայացվող պահանջների ձևակերպմանը և այլ հարցերին:

 

Հանդիպման ընթացքում Սամվել Հարությունյանը քննարկումներ է ունեցել ամերիկյան մի շարք գերատեսչությունների, Ազգային գիտական հիմնադրամի ղեկավարության, ինչպես նաև գիտական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց շրջանակներում քննարկվել են միջուկային փորձաքննության ոլորտում համապատասխան կրթական ծրագրերի մշակմանը և ոլորտին տիրապետող մասնագետների և տեխնիկական փորձագետների պատրաստմանը նվիրված հարցերը: Արդյունքում առաջարկվել է ներգրավել համապատասխան հայաստանյան բուհերին և գիտական կազմակերպություններին դասախոսությունների շարքի կազմակերպման, համապատասխան կրթական ծրագրերի կազմման և ներդրման աշխատանքներում:

 

Սահմանվել են նաև միջուկային փորձաքննության ոլորտի զարգացման ծրագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը, ինչպես նաև որոշվել է իրականացնել միջուկային փորձաքննության ոլորտին առնչվող տեղեկատվության փոխանակում:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայկական ատոմային էլեկտրակայանին կից գործող միջուկային փորձաքննության լաբորատորիայի գործունեությանը, արդի կարգավիճակին և զարգացման հեռանկարներին, որի արդյունքում առաջարկվել է քննարկել նշված կառույցի հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև` վերջինիս տարածաշրջանային նշանակության կենտրոնի կարգավիճակ շնորհելու հարցը:

 

Բացի այդ, միջուկային փորձաքննության ոլորտում միջազգային համագործակցային կապերի ընդլայնման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Ազգային գիտական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում գիտական հանդիպումների և սեմինարների անցկացմանը: Առաջին նմանատիպ միջոցառումը որոշվել է կազմակերպել արդեն իսկ 2017 թվականի ընթացքում: