ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Քննարկվել են ԱՊՀ ինովացիոն համագործակցության խնդիրները

22.12.2015

Դեկտեմբերի 17-18-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լ. Մարդոյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է ԱՊՀ գիտատեխնիկական և ինովացիոն բնագավառներում համագործակցության միջպետական խորհրդի 17-րդ նստաշրջանին:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ինովացիոն համագործակցության մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար միջպետական ծրագրի իրականացման վերաբերյալ առավել արդիական հարցերը, 2015 թվականին իրականացված պիլոտային ծրագրերի և միջոցառումների ընթացքը, գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության միջպետական փաստաթղթերի նախագծերը:

Քննարկվել են առաջիկա տարիներին, մասնավորապես` 2017-2020 թթ., ԱՊՀ անդամ պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրին վերաբերող միջոցառումների նախագծի նախապատրաստման հարցերը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման և վերամշակման կարգը, ԱՊՀ անդամ պետությունների միջև միջգրադարանային համակարգի ստեղծման համաձայնագիրը:

Լ. Մարդոյանն անմիջականորեն մասնակցել է քննարկումներին, ներկայացրել Հայաստանում ինովացիոն զարգացման ծրագրերը, ինչպես նաև` մեր երկրի դիրքորոշումը դրանց վերաբերյալ:

Գիտաժողովին մասնակցությունը կարևոր է ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման ու այդ երկրների համապատասխան կառույցների հետ հարաբերությունների պահպանմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման համար:

Նստաշրջանի բացման խոսքում Բելառուսի Հանրապետության Գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ա. Շումիլինը ներկայացրել է ԱՊՀ գիտատեխնիկական և ինովացիոն բնագավառներում համագործակցության միջպետական խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքը և 2015 թ. գործունեությունը: Նա նշել է, որ 2016 թ. մարտին կայանալիք ԱՊՀ երկրների բիզնես-առաջնորդների ամենամյա միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ինովացիայի հարցերին նվիրված «Կլոր սեղան» և ինովացիոն նախագծերի ցուցահանդես, և առաջարկել է Ծրագրի ազգային պատվիրատուներին այդ կապակցությամբ ներկայացնել առաջարկներ:

Բարձրացվել է «ՄԻՐ» միջպետական հեռուստառադիոընկերության հետ համագործակցելու հարցը՝ ԱՊՀ անդամ պետությունների ինովացիոն համագործակցության շրջանակներում կայացող միջոցառումները լուսաբանելու և թեմատիկ հաղորդաշար ստեղծելու նպատակով: Ծրագրի լուսաբանումն իրականացնելու համար, որպես տեղեկատվական պորտալ, այսուհետ կօգտագործվի նաև ԱՊՀ «Ինովացիոն զարգացում և համագործակցություն» (www.innov-cis.net) կայքը: Կայքին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ:

Նստաշրջանի ժամանակ ԱՊՀ գիտատեխնիկական և ինովացիոն բնագավառներում համագործակցության միջպետական խորհրդի անդամներին առաջարկվել է հնարավորինս աջակցել ազգային տեխնոպարկերին ու ինովացիոն կազմակերպություններին՝ 2016 թ. նախատեսված IASP համաշխարհային գիտաժողովին (տեխնոպարկերի միջազգային գիտաժողով) և «Ստարտափ տուր» միջոցառմանը մասնակցելու համար: Նրանց նաև  հանձնարարվել է 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում առաջարկություններ ներկայացնել՝ ԱՊՀ տեխնոպարկերի ասոցիացիա հիմնադրելու վերաբերյալ:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին