ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայաստանը դարձել է գլոբալ կենսաբանական ծրագրի մասնակից

11.03.2020

2020 թ. փետրվարին ՀՀ գիտության կոմիտեի և Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) միջև ստորագրվեց  «Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի և ՀՀ գիտության կոմիտեի միջև փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում ֆինանսական պարտավորությունների մասին պայմանագիր: Այս փաստաթղթով սահմանվեցին հուշագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։

iBOL-ի նպատակն է նկարագրել մոլորակի բոլոր կենդանի տեսակներն ըստ մոլեկուլային մարկերների (շուրջ 10 մլն տեսակ) և այդ տվյալները ներառել ընդհանուր տեղեկադարանում։ iBOL նախաձեռնության պատմությունը սկսվում է 2003 թ.-ից, երբ Կանադայում Փոլ Հեբերն ու Մարկ Սթոյքելն առաջարկեցին կենդանի օրգանիզմների տեսակների դասակարգման բոլորովին նոր մոտեցում՝ հիմնվելով նրանց գենոմի կառուցվածքի վրա։ 2004 թ.-ից սկսած՝ IBOL նախագծի շրջանակներում արդեն ծախսվել է 125 մլն դոլար՝ 500 հազար կենսատեսակ նկարագրելու համար։ 

2019 թ. հունիսից սկսվել է iBOL-ի նոր՝ BIOSCAN ծրագիրը, որի նպատակն է նկարագրել կենդանի օրգանիզմների 2 մլն տեսակների գենոմներ։ 2019 թ. հունիսի 15-16-ին Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում տեղի ունեցած ծրագրի հիմնադիր ժողովի ժամանակ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների  բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ  Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանն ընտրվել է ծրագրի գիտական կոմիտեի անդամ։

2019-2026 թվականներին iBOL նախագծի իրականացման բյուջեն կազմելու է 180 մլն ԱՄՆ դոլար։ Ավելի քան 30 երկրների հազարավոր գիտնականների հետ այս գլոբալ կենսաբանական նախագծին մասնակցությունը թույլ կտա հայ կենսաբաններին իրականացնել հազարավոր տեսակների հետազոտություններ մոլեկուլային մակարդակում, ինչպես նաև ինտեգրվել համաշխարհային նշանակության գիտական աշխատանքներին։

 

ՀՀ գիտության կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին