ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Մահացել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Օրլովը

29.09.2020

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ում 96 տարեկան հասակում մահացավ ռուս նշանավոր ֆիզիկոս, ֆ-մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Օրլովը։ Լինելով միջուկային ֆիզիկայի և արագացուցիչների տեսության խոշորագույն մասնագետ՝ նա Արտեմ Ալիխանյանի հրավերով 1956-ից մինչև 1972 թվականը աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում (ներկայումս` Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա)` ընդգրկվելով ԵրՖԻ-ի արագացուցչի նախագծողների և կառուցողների հիմնական կազմում և մեծ ներդրում ունենալով ինստիտուտի կայացման գործում: 1968 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Օրլովը հայտնի էր նաև իր իրավապաշտպան գործունեությամբ։ Եղել է Մարդու իրավունքների հելսինկյան միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Մոսկվայի հելսինկյան խմբի հիմնադիր նախագահ (1976): Իր այդ գործունեության արդյունքում`1977 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և 5 տարվա աքսորի։ 1986 թվականին Օրլովը զրկվել է ԽՍՀՄ քաղաքացիությունից և արտաքսվել ԱՄՆ, որտեղ արդյունավետ գիտամանկավարժական գործունեություն է ծավալել Քորնուելի համալսարանում` արժանանալով մի շարք մեդալների ու մրցանակների։ Օրլովը հրատարակել է «Վտանգավոր մտքեր» անունով հուշերի գիրք, որտեղ անդրադարձել է նաև իր կենսագրության Երևանյան ժամանակաշրջանին։

Կոմիտեն ցավակցություն է հայտնում հայ ժողովրդի բարեկամ գիտնականի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին: