ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Նոր մրցույթ՝ գիտական սարքերի/սարքավորումների գնման համար

14.12.2022

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է նոր մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման համար:

Մրցույթին հայտ կարող են ներկայացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպություններն ու բուհերը: Հայտ ներկայացնում է այն Կազմակերպությունը, որտեղ տեղակայվելու է գիտական սարքը/սարքավորումը, սակայն վերջինս պետք է այլ կազմակերպությունների կողմից համատեղ օգտագործման համար հասանելի լինի:

Ի տարբերություն գիտական սարքերի ձեռքբերմանն ուղղված մյուս մրցույթների, այս դեպքում գիտական սարքեր/սարքավորումների գնման գործընթացը կազմակերպելու է ՀՀ գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետև դրանք տրամադրելու է հայտատու կազմակերպությանը: Սարքը/սարքավորումը գնելու համար համաֆինանսավորում չի պահանջվում:

Հայտերը գնահատելու համար ստեղծված մրցութային հանձնաժողովը գնահատելու է կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության համար սարքի/սարքավորման անհրաժեշտությունը, անալոգների հետ համեմատությունը, համատեղ օգտագործման մեխանիզմները, շահագործման ծախսերը և դրանց ծախսածածկման հնարավորությունները, հնարավոր եկամուտները, շահագրգիռ կազմակերպությունների մասնակցության հիմնավորումը և այլն:

Մրցույթի շահառու կազմակերպությունը պետք է մշակի գնված սարքի համատեղ օգտագործելու ընթացակարգ(եր), և պաշտոնական կայքում հրապարակի սարքի տեխնիկական բնութագիրը և կիրառման հնարավորությունների մասին տեղեկատվությունը, հետագայում՝ նաև կոմիտե ներկայացնի հաշվետվություններ սարքի/սարքավորման շահագործման, իրականացված աշխատանքների ծավալի, ստացված արդյունքների վերաբերյալ։

Մրցույթի հայտարարությունը և փաթեթը՝ http://scs.am/am/14-12-2022