ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի այցը Գիտության կոմիտե

16.07.2021
image descriptionimage descriptionimage descriptionimage description

Հուլիսի 16-ին ՀՀ գիտության կոմիտե են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը: Կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է կոմիտեի կողմից տարվող աշխատանքների մեծ կարևորությունը մեր հասարակության համար. «Հստակ սահմանելով մեր ակնկալիքները, դարձնելով նրանք ավելի իրատեսական՝ հնարավոր է լուծում տալ ոլորտի մի շարք խնդիրների, ինչն էլ այժմ իրականացվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ներկա բարեփոխումների, գիտաշխատողների վարձատրության բարձրացման, նոր մրցույթների կազմակերպման միջոցով»:

Վ. Դումանյանը նշեց, որ թեպետ թիվ մեկ հանձնառությունը հանրակրթության և գիտության ոլորտի բարեփոխումների իրականացումն է, սակայն առանցքային դեր է խաղում այդ բարեփոխումների արդյունավետության, գիտական արդյունքի հստակ չափելիության հարցը, ինչը փորձ է արվում լուծել հստակ չափանիշների ներմուծմամբ, ինչպես օրինակ, գիտական հոդվածների՝ բարձր ազդեցության գործակից ու միջազգային վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում հրապարակումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության պայմաններում աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցը: Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ անհրաժեշտ է բացառել պետության տրամադրած միջոցների փոշիացումը, և քայլեր ձեռնարկել, որպեսզի ասպիրանտուրան դառնա առավել նպատակային, համապատասխանի սահմանված գերակայություններին և իրապես ուղղված լինի պետությանը ծառայելուն: