ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը

10.07.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 9-ին Երևանի Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը:

Օրակարգային հարցերի քննարկումից առաջ ՀՀ վարչապետը շրջայց է կատարել ինստիտուտի տարածքում, ծանոթացել «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` AREAL առաջատար հետազոտությունների էլեկտրոնային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքների արդյունքներին:

Նիստի ընթացքում զեկույցներով են հանդես եկել «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վասիլի Ցականովը եւ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Պարոն Ցականովը ներկայացրեց AREAL գծային արագացուցչի եւ համապատասխան ենթակառուցվածքների գործարկման ընթացքը, արագացուցչի առանձին համակարգերի փորձարկման արդյունքները, Գերմանիայի եւ Շվեյցարիայի գործընկեր ինստիտուտների նվիրաբերած սարքերի հնարավորությունները: Առանձին սթենդով ներկայացվեցին ինստիտուտի մասնագետների կողմից մշակված եւ հավաքված յուրահատուկ սարքերը:

Հաջորդ հարցով խորհուրդն ի գիտություն ընդունեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի զեկուցումը «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, իրականացման ընթացքի եւ առաջիկա ծրագրերի մասին: Խոսելով միջազգային համագործակցության մասին` կոմիտեի նախագահն անդրադարձավ «Քենդլ» եւ «Հետազոտական տեխնոլոգիական համալսարան» նախագծերը Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրում ընդգրկելու հեռանկարների մասին:

 

Ի գիտություն

ՔԵՆԴԼ (անգլ. CANDLE - Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission, թարգմանաբար՝ սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն) նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել առնվազն հինգ փորձարարական կայաններով գիտական կենտրոն, որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր: Արդյունքում կկառուցվի շրջակա միջավայրի համար ամբողջությամբ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում:

 

Հայաստանում սինքրոտրոնային լույսի աղբյուր ստեղծելու ծրագիրը կազմվել է 2002 թ.: Նախագիծը կյանքի կոչելու համար 2006 թ. ստեղծվել է «Քենդլ» ինստիտուտը: 2008 թ. դեկտեմբերի 4-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Հայաստանում «ՔԵՆԴԼ» 3 գէվ էներգիայով 3-րդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուր ստեղծելու մասին» որոշումը, որով «ՔԵՆԴԼ»-ին տրվել է գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ: ՀՀ կառավարության  2010 թ. մայիսի 6-ին ընդունված  «Սինքրոտրոնային ճառագայթման արագացուցիչ հենքի վրա «ՔԵՆԴԼ» միջազգային կենտրոնի նախագծի իրականացման միջոցառումների և պատասխանատու նշանակելու մասին» որոշմամբ նախագծի իրականացման պատասխանատու է սահմանվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, հաստատվել է «ՔԵՆԴԼ» նախագծի արժեքի 25 տոկոսի սահմաններում ՀՀ կառավարության ֆինանսական մասնակցություն ունենալու պատրաստակամությունը եւ Գիտության պետական կոմիտեին լիազորվել է բանակցություններ վարել և հրավիրել օտարերկրյա պետություններին ու միջազգային կառույցներին՝ մասնակցելու «Քենդլ»  միջազգային կենտրոնի կառուցմանն ու օգտագործմանը: ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 24-ի որոշմամբ հիմնադրվել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը, հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը, ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին է սահմանվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն:

Բանակցություններ վարելու եւ ծրագրի իրականացման համար գործընկերներ գտնելու նպատակով Գիտության պետական կոմիտեն 2010-2012 թթ. ընթացքում նախագծի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ է վարել եւ համագործակցության հուշագրեր կնքել Ֆրանսիայի Էներգետիկայի դեպարտամենտի, Գերմանիայի DESY արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի PSI ազգային արագացուցչային կենտրոնի, «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային գիտահետազոտական կենտրոնի,   Իտալիայի ELETTRA արագացուցչային կենտրոնի եւ  Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի (SINAP) հետ: Նշված բոլոր կենտրոններն էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել  «ՔԵՆԴԼ» նախագծի վերաբերյալ, ինչպես կառույցի ստեղծման, այնպես էլ փորձարարական ծրագրի փուլերում, եւ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել ծրագրի իրականացման գործում թե՛ ֆինանսական միջոցների, թե՛ սարքերի եւ սարքավորումների տեսքով: 

«Քենդլ» նախագծի առաջին փուլը՝ AREAL (Advanced Research Electron Accelerator Laboratory) լազերային գծային արագացուցչի կառուցման աշխատանքներն են, որոնք սկսվել են  2011 թ.:

AREAL-ը հնարավորություն կտա ստանալ փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի եւ արա­գա­ցուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է եւ գերակա ուղղու­թյուն է աշխարհի շատ առաջատար կենտրոնների համար: Այն կարեւոր գիտական եւ կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսա­բա­նու­թյան, քիմիայի եւ նյութա­գիտու­թյան բնագավառների առաջատար փորձա­րա­րական հետազոտությունների համար: AREAL նախագիծն իրագործվում է Գերմանիայի DESY ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակ­ցու­թյամբ, որոնք փորձագիտական աջակցությունից բացի, անհատույց տրամադրել են բացառիկ ժամանակակից սարքավորումներ:

AREAL-ի վերջնական շահագործումը ծրագրված է 2013 թ. սեպտեմբերին:

Իսկ բուն ՔԵՆԴԼ կենտրոնի շինարարարության աշխատանքները նախատեսվում է սկսել  2013 թվականի վերջին՝ կառավարության կողմից համապատասխան հողհատկացումից հետո: