ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Գիտական հետազոտությունների առեւտրայնացումը»Հայաստանում

01.04.2009

Ապրիլի 1-3-ը Երեւանում սկսվեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ, Международный научно-технический центр-МНТЦ )  հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված գիտաժողովը՝  նվիրված գիտական արդյունքների առեւտրայնացման թեմային:

 

Գիտաժողովի բացումը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում: Բացման խոսքով հանդես եկան ՄԳՏԿ Հայաստանյան գրասենյակի տնօրենը, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, ՄԳՏԿ գործադիր տնօրեն Ա. վան դեր Մեերը:

 

Բացման արարողությունից հետո ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «ՀՀ  ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ՄԳՏԿ «կանոնավոր» նախագծերի համաֆինանսավորման վերաբերյալ»: Հուշագիրը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ստորագրեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, իսկ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից՝ կենտրոնի գործադիր տնօրեն Ադրիան վան դեր Մեերը:

 

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նիստում հաստատված «կանոնավոր» նախագծերից բացի իրականացնել նախագծեր համաֆինանսավորման կարգով: Նախկինում «կանոնավոր» նախագծերի իրականացման համար ֆինանսական միջոցները տրամադրվում էին Եվրոպական Միության, Կանադայի, Կորեայի, Նորվեգիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի կողմից: Հուշագրով նախատեսվում է ՀՀ տարածքում իրականացվելիք ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի կողմից ընտրված որոշ «կանոնավոր» նախագծերի իրականացման համար ձեռքբերված ապրանքների եւ մատուցված ծառայությունների դիմաց ՀՀ կողմից ներդնել ֆինանսական միջոցներ (նախագծի 10-20 %)՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ուղղակի վճարումներ կատարելու միջոցով:Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդեց հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, այնուհետեւ հնչեցին գիտական զեկույցներ՝ ինովացիոն ծրագրերի եւ գիտության առեւտրայնացման թեմաներով:

 

Գիտաժողովը շարունակվելու է նաեւ ապրիլի 2-ին եւ 3-ին Ծաղկաձորում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին