ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհ՝ հայ գիտնականներին

18.11.2021

ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացրած «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագիրն արժանացել է «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհի:

«Չան-Ցուկերբերգ նախաձեռնությունը» (Chan Zuckerberg Initiative) բարեգործական հիմնադրամ է, որն  ստեղծել են Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու իր կինը՝ Պրիսցիլա Չանը 2015 թվականին: Հիմնադրամի նպատակը սոցիալական բարդ խնդիրների լուծմանն աջակցելն է, ուշադրության կենտրոնում են հատկապես հիվանդությունների բուժմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքները և կրթության որակի բարելավմանն ուղղված ծրագրերը: Հիմնադրամը «Սիլիկոնային հովտի հիմնադրամների միության» անդամ է և առաջին անգամ է Հայաստանից ներկայացված ծրագիր ֆինանսավորում:

«Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագրի ղեկավարը ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի խորհրդատու,  Ջորջ Վաշինգտոն համալսարանի (ԱՄՆ) բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանն է, գիտական խմբի համաղեկավարներն են  ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Դմիտրի Շչերբինը Բելառուսի ԳԱԱ կենսաֆիզիկայի և բջջային ինժեներիայի ինստիտուտից:

Ծրագրի նպատակն է ձևավորել տարածաշրջանային ցանց, որը բաղկացած է նախկին խորհրդային վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետազոտողներից, ովքեր հետաքրքրված են կենսաբժշկության ոլորտում պատկերավորման (վիզուալիզացիայի) մոտեցումների կիրառմամբ: Խոսքը այն տեխնոլոգիաների մասին է, որոնք թույլ են տալիս գիտական  հետազոտությունները հնարավորինս ճշգրիտ ներկայացնել պատկերների միջոցով և առավել կիրառելի դարձնել կենսաբժշկության ոլորտում:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել սարքավորումների և փորձի փոխանակում, ինչպես նաև ձևավորել տարածաշրջանային կենսաբժշկական վիզուալիզացիայի միություն՝ հատուկ կայքով և եռամսյակային էլեկտրոնային տեղեկագրով: Ցանցի շնորհիվ տարբեր երկրներից գիտնականները պարբերաբար կմասնակցեն պատկերավորման վերաբերյալ սեմինարների և գործնական աշխատանքների, կկազմակերպվեն գիտաժողովներ, որոնց ժամանակ կշփվեն իրար հետ և կփոխանակեն նոր գաղափարներ:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է կենսաբժշկության ոլորտում պատկերավորման մոտեցումները կիրառող հետազոտողների թվի ավելացում, առկա ենթակառուցվածքի ավելի լավ օգտագործման միջոցով ցանցին միացած երկրների համագործակցության զարգացում և վիզուալիզացիայի վրա հիմնված կենսաբժշկական հրապարակումների ավելացում:

 

 «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի կողմից աշխարհում կենսաբժշկական պատկերավորման հասանելիության ընդլայնման նպատակով տրված դրամաշնորհների մասին կարելի է կարդալ հետևյալ հղումով՝ https://chanzuckerberg.com/newsroom/czi-awards-over-5m-to-advance-technologies-and-expand-global-access-to-bioimaging/