ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Մասնակցություն ՄՀՄԻ 119-րդ նստաշրջանին

23.11.2015

Նոյեմբերի 19-21-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցել է  Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի  (ՄՀՄԻ) անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին:

Քննարկվել են  ՄՀՄԻ գիտական խորհրդի նախորդ՝ 118-րդ նստաշրջանի առաջարկությունները, 2015 թ. ինստիտուտի գործունեության արդյունքները և 2016 թ. ծրագրերը,  ս.թ. նոյեմբերի 17-18-ը կայացած ֆինանսական կոմիտեի նիստի արդյունքները, 2016թ. բյուջեն, ինստիտուտի 60-ամյակի հոբելյանական միջոցառումների ժամանակացույցը և այլն:

Ընդարձակ քննարկումներ են եղել ՄՀՄԻ ռազմավարական զարգացման 2017-2023 թթ. ծրագրի շուրջ, հավանություն է տրվել  ծրագրի հիմնական ուղղություններին, բարձր է գնահատվել ինստիտուտի ղեկավարության գործունեությունը ծրագրի մշակման և բազմակողմանի քննարկման գործում: Ծրագիրը ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հաստատմանը կներկայացվի 2016 թ. նոյեմբերին:

Այցի շրջանակներում ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ա. Շումիլինի հետ և քննարկել է հայ-բելառուսական համագործակցության խթանմանն ու հետագա զարգացմանն ուղղված քայլերը, մասնավորապես, 2013 թ. հոկտեմբերի 14-ին կնքված «Սևանա լճում Հայաստանի և Բելառուսի ազգային հարստություն հանդիսացող քաղցրահամ ջրամբարների էկոհամակարգերի ուսումնասիրման միջազգային գիտագործնական կենտրոն-բիոլոգիական կայան ստեղծելու մասին» պայմանագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, հումանիտար ոլորտում նոր համագործակցությանն առնչվող խնդիրները:

ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հաջորդ նստաշրջանը կանցկացվի 2016 թ. ապրիլի 4-5-ին:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին