ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Տեղի ունեցավ ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 56-րդ նստաշրջանը

10.12.2012

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս.  Հարությունյանը Մոսկվայում մասնակցեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարիչների  խորհրդի 56-րդ նստաշրջանի աշխատանքներին:

 

Նիստերում քննարկվեցին կենտրոնի վերակազմավորմամբ պայմանավորված իրավիճակի զարգացմանը, հետագա գործողությունների գերակայությունների ու ուղղությունների որոշմանն ուղղված հարցեր, հաստատվեց ՄԳՏԿ 2013 թ. ֆինանսական տարվա  բյուջեն, որոշվեց կենտրոնի կողմից նոր նախագծերի ֆինանսավորման չափը:

 

Բարձր գնահատվեց Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Ս. Հարությունյանի մասնակցությունը Կառավարման խորհրդի աշխատանքներին: Հիշեցնենք, որ ՄԳՏԿ կառավարիչների խորհրդում ռոտացիոն կարգով զբաղեցվող տեղը 2012 թվականի հունվարի 1-ից հատկացվել էր Հայաստանի Հանրապետությանը: 2013 թվականի ընթացքում այդ տեղը կզբաղեցնի Վրաստանը:

 

ՄԳՏԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լեո Օվսյացկին, ով վերջին 8 տարիներին ղեկավարում էր ՄԳՏԿ գլոբալ անվտանգության, էկոլոգիայի, բիոտեխնոլոգիայի եւ առողջապահության բաժանմունքը: Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Մայքլ Հայնիկի լիազորությունները երկարաձգվեցին մինչեւ 2014 թ. հունվարի վերջ:

 

Նախատեսվում է 2014 թ. հունվարի 1-ից ՄԳՏԿ գլխամասային գրասենյակը Մոսկվայից տեղափոխել Ղազախստանի Հանրապետություն, որտեղ արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ:

 

Նիստի ժամանակ ՄԳՏԿ անդամ Կանադան հայտարարեց 2013 թ. կենտրոնի կազմից դուրս գալու մտադրության մասին:

 

ՄԳՏԿ կառավարման խորհրդի հաջորդ նստաշրջանը կանցկացվի 2013 թ. հունիսին, Դուշանբեում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին