ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է Էդվարդ Չուբարյանը

19.09.2021

Հայաստանի գիտական հասարակայնությունը կորցրեց անվանի ֆիզիկոսի, մեծ ուսուցչի ու հայրենասերի։ Սեպտեմբերի 17-ին, 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։

Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936 թ. մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում։ 1953 թ. ընդունվել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ Համալսարանն ավարտելուց հետո 1958-1961 թթ. Է. Չուբարյանը ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ տեսական ֆիզիկայի ամբիոնում, այնուհետև, 1961-1965 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1964 թ., իսկ 1965-ից նա աշխատանքի է անցել ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում։ 1965-1970 թթ. համատեղությամբ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում։ 1985-2000 թթ. և 2006-2013 թթ. Էդվարդ Չուբարյանը եղել է տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1991-2006 թթ. աշխատել է ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտորի պաշտոնում։ 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Մինչև 2018 թ. ղեկավարել է տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան։

Էդվարդ Չուբարյանը գիտական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներին։ Նրա առաջին գիտական աշխատանքը, որը նաև դիպլոմային աշխատանք էր, նվիրված էր անցյալ դարի հիսունական թվականների վերջին խիստ արդիական բետա տրոհման պրոցեսներում զույգության պահպանման հարցերին։

Էդվարդ Չուբարյանի գիտական գործունեությունը նվիրված է այլասերված նյութի թերմոդինամիկայի և գերխիտ աստղերի կոնֆիգուրացիաների տեսությանը, որի հիմքը 1960-ականների սկզբում դրել էին ակադեմիկոսներ Վ. Համբարձումյանը և Գ. Սա­հակյա­նը: Նշված բնագավառում կատարած աշխատանքների համար Է. Չուբա­րյա­նը, գիտական խմբի մյուս մասնակիցների հետ միասին, 1970 թ. արժանացել է Լե­նի­նյան Կոմերիտության մրցանակի դափնեկրի կոչման: Հետագա տարիներին նա ամբիոնի աշխատակիցների հետ համատեղ կատարում է աշխատանքների շարք` նվիրված բաբախիչների  (պուլսա­րների) մագնիսասֆերայի տեսությանը:

Էդվարդ Չուբարյանի գիտահետազոտական աշխատանքների մեկ այլ ուղղություն կապված է եղել ակադեմիկոս Վ. Համբարձումյանի կոսմոգոնիական սկզբունքի տեսական հիմնավորմանը գրավիտացիայի այլընտրանքային տեսությունների շրջանակներում։ Հատուկ ուշադրության են արժանի նրա աշխատանքները գրավիտացիայի երկ­մետ­րիկական տեսություններում: Դրանցում կապ է գտնված կորացած մետ­րի­կայի ու հարթ տարածության «հենքային»  մետրիկայի միջև և առա­ջար­կված էդրանց մի­ար­ժեք ընտ­րու­թյան չափանիշը: Է. Չուբարյանը ձգողականության երկմետրիկական տեսության շրջա­նակներում մշակել է ստատիկ կենտրոնահամաչափ գերխիտ կոնֆիգուրա­ցիա­ների մոդելներ, հաշվարկվել են դրանց զանգվածները, շառավիղները և ներքին կառուցվածքը, ցույց է տրվել, որ այդպիսի կոնֆիգուրացիաների զանգվածը կարող է մեկ կարգով մեծ լինել, քան Այնշթայնի տեսությունում: Գրավիտացիայի տեսության այդ տարբերակի շրջանակներում մշակվել է պտտվող գերխիտ աստղերի տեսությունը: Նյութի առանցքահամաչափ բաշխման համար երկմետ­րիկական տեսության հավասարումների Է. Չուբարյանի կողմից գտնված վակու­ումա­յին լուծու­մը միակ անալիտիկ լուծումն է երկմետրիկական տեսության լուծումների դասում:

Ակադեմիկոս Չուբարյանը հեղինակ է շուրջ 150-ից ավել գիտական աշխատանքների։ Դրանք զեկուց­վել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են գտել ինչպես նախկին միության, այնպես էլ արտասահ­մա­նյան գիտական շրջանակներում:

Մեծ են Էդվարդ Չուբարյանի ծառայությունները ֆիզիկոսների բարձրորակ կադրերի պատ­րաստման գործում: Նա «Քվանտային մեխանիկա» դասագրքի հեղի­նակ­ներից է (ակադեմիկոս Գ. Սահակյանի համահեղինակությամբ), որը հիմնական դասագիրք է հանդիսանում ԵՊՀ ֆիզիկայի ու ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողների համար:  Գիտնականի ղեկավարությամբ պաշտպանվել են յոթ թեկ­նա­­­ծուական ատենախոսություններ:

Կրթությանը մատուցած իր ուրույն ծառայությունների և անձնական մեծ ներդրման համար Է. Վ. Չուբարյանը 1984  թ. պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի մեդալով: 1970 թ. նրան շնորհվել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակ` «Առանցքահամաչափ ձգողական դաշտերը Էյնշտեյնի տեսության մեջ» աշխատանքի համար, 1985 թ. պարգևատրվել է ՀՍՍՀ «Ժողովրդական կրթության գերազանցիկ» պատվոնշանով: Էդվարդ Չուբարյանը պարգևատրվել է ԵՊՀ Ոսկե մեդալով, Ֆ. Նանսենի հուշամեդալով: 2006 թ. նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչումը:

Ակադեմիկոս Չուբա­րյա­նը մեծ ավանդ ունի նաև Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտու­թյուն­ների միացյալ ինստիտուտի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական կապերի ստեղծ­ման և խորացման գործում: Դուբնայում աշխատել են և շարունակում են աշխատել բազմաթիվ տաղանդավոր տեսաբան ֆիզիկոսներ, ովքեր եղել են ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի շրջանավարտներ:

ՀՀ գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից հեռացած Էդվարդ Չուբարյանի ընտանիքին, մտերիմներին և գործընկերներին: