ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Քննարկվել են հայ-իտալական գիտական համագործակցության հարցեր

07.08.2018

Օգոստոսի 7-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ:

Հանդիպման նպատակը հուլիսի 31-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում սպասվող համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունների  ձեռքբերումն էր:

Սամվել Հարությունյանը հյուրին ներկայացրեց Գիտության կոմիտեի գործառույթները, միջազգային գիտական համագործակցության ուղղությամբ կատարած հիմնական աշխատանքները, կնքված պայմանագրերն ու հուշագրերը, հայ և արտերկրի  գիտնականների կողմից համատեղ իրականացվող հիմնական ծրագրերը: Նա նշեց, որ հայ և իտալացի գիտնականներն արդեն ունեն համագործակցության փորձ. պայմանագրեր են ստորագրվել  Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) հետ, գործում են անհատական և միջինստիտուցիոնալ ծրագրեր, որոնց շրջանակներում արդյունավետ միջոցառումներ են իրականացվել:

Նոր կնքված հուշագիրը համագործակցության ավելի լայն հնարավորություն է ստեղծում. նախատեսվում են համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում, գիտաժողովների անցկացում,  գիտական սարքերի համատեղ օգտագործում, գիտական տեղեկատվության և կադրերի փոխանակում և այլն: Խոսելով համագործակցության համար գերակա ուղղությունների մասին` Ս. Հարությունյանը նշեց, որ անհրաժեշտ է խորացնել տեսական ֆիզիկայի, աստղագիտության, աստղաֆիզիկայի, կենսաբանության, երկրաբանության, հնագիտության և սննդի անվտանգության ուղղություններով արդեն առկա համագործակցությունը, ինչպես նաև սկսել համագործակցել հին ձեռագրերի վերականգնման և ուսումնասիրության ուղղությամբ:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում օժանդակել  հայ-իտալական գիտական կապերի զարգացմանը: Մոտ ապագայում Գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի նախագահները կհանդիպեն` հուշագրով նախատեսված միջոցառումները մանրամասն քննարկելու նպատակով: