ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը

23.10.2019

82 տարեկան հասակում կյանքից հեռացել է գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր և գիտական ղեկավար Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանը:

Ալպիկ Մկրտչյանը Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիրն է: Նրա անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ Հայաստանում և արտերկրում կատարվել են գիտական բազմաթիվ հայտնագործություններ, մշակվել են մի շարք նոր գիտահետազոտական մեթոդներ և գիտական սարքավորումներ: Ալպիկ Մկրտչյանի կողմից կատարված գիտական հետազոտությունների հիման վրա ձևավորվել և ինտենսիվ զարգանում է ֆիզիկայի նոր բնագավառ` ակուստաֆիզիկան: Նա գիտական ղեկավար է եղել բազմաթիվ մեծածավալ միջազգային դրամաշնորհների, ակտիվորեն զբաղվել է արտասահմանյան երկրների հետ գիտաարտադրական կապերի ստեղծման և զարգացման հարցերով:

Ալպիկ Մկրտչյանը անգնահատելի ավանդ ունի գիտամանկավարժական և գիտակազմակերպչական աշխատանքներում, հեղինակ է ավելի քան 300 գիտական հոդվածների, հեղինակային իրավունքների և մենագրությունների: Ակադեմիկոսը հայտնի է նաև իր հասարակական գործունեությամբ: Նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի շրջաններում դատարկ գյուղերի վերականգման ու վերաբնակեցման, Արցախում սոցիալ-տնտեսական ու գիտամանկավարժական բազայի զարգացման ուղղությամբ:

Գիտական ոլորտում ունեցած նվաճումների համար Ալպիկ Մկրտչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, «Անանիա Շիրակացի»  մեդալով, ԵՊՀ-ի, ԵՊՃՀ-ի, Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալներով, ՌԴ Պրոխորովի անվան Ինժեներական ակադեմիայի կողմից Ա.Ի. Բերգի, Ն.Ն. Սեմյոնովի և Յու.Ա. Գագարինի անվան ոսկե մեդալներով, Георгий Победоносец ոսկե մեդալով: Ազգին մատուցած ծառայությունների համար ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանն արժանացել է Ամենայն Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինի պարգև-հուշամեդալին: Ստացել է Կուրչատովի անվան մրցանակ: Պարգևատրվել է Դավիթ Անհաղթի արծաթե մեդալով: Պարգևատրվել է Лауреат евразийской премии 2016, Наука специальный приз ոսկե մեդալով և բազմաթիվ այլ պարգևներով ու շքանշաններով:

 

ՀՀ գիտության կոմիտեն ցավակցում է ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հարազատներին և գործընկերներին:  

Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)` Երևանի Կոզեռնի փող. 15 հասցեում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-12:30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24), ժամը 13:00-14:30-ին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (Երևան, Հրաչյա Ներսիսյան 25): Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտից: