ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայ-չինական համագործակցություն՝ արբանյակային պատկերների կիրառման ոլորտում

27.05.2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ՉԺՀ բնական պաշարների նախարարության երկրի արբանյակային հեռազննման կիրառության  կենտրոնի (ԵԱՀԿԿ) միջև ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը:

Հուշագրի նպատակը երկրի արբանյակային հեռազննման տվյալների և տեխնոլոգիաների կիրառման ոլորտում հայ-չինական գիտական համագործակցության զարգացումն է:

Համագործակցության շրջանակներում չինական կողմը հայկական կողմին, ի դեմս ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների վերաբերյալ արբանյակային հեռազննման արդյունքում ստացած տվյալներ: Հայ և չինացի մասնագետները համատեղ կաշխատեն հետևյալ ուղղություններով՝ բարձր լուծաչափով հեռազննման տվյալների մշակում, համատեղ չափորոշում և արտադրանքի ստուգում, ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային պատկերների հիման վրա 1:25,000 և 1:50,000 աշխարհատարածական տեղեկատվական արտադրանքների ստեղծում և թարմացում, աշխարհատարածական տեղեկատվության վերհանում և փոփոխությունների հայտնաբերում հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ: Հեռազննման տվյալները և GIS համակարգերը կկիրառվեն գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների պահպանման, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, էկոլոգիական միջավայրի, աղետների կանխարգելման ու դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում:

Հուշագրով նախատեսվում են սեմինարների, աշխատաժողովների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում, կադրերի փոխանակում, տեխնիկական նախագծեր և աջակցություն, տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի և ենթակառուցվածքային ցանցի զարգացում, ինչպես նաև գիտական ուսումնասիրությունների և համագործակցության նախագծերի արդյունքների հրապարակում: