ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Համագործակցություն՝ հիմնարար գիտությունների բնագավառում

19.12.2011

Դեկտեմբերի 15-16-ը ՀՀ ԿԳՆ նախագահ Ս. Հարությունյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների բնագավառում համագործակցության խորհրդի 1-ին նիստին:

 

Նիստում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների բնագավառում համագործակցության խորհրդի աշխատանքների կազմակերպմանը գիտատեխնիկական եւ նորարարության ոլորտներում միջպետական խորհուրդների գործակցությանը, հիմնարար հետազոտությունների եւ նորարարության միջպետական հիմնադրամի  եւ համագործակցության գերակա ուղղությունների եւ ձեւերի վերաբերյալ առաջարկությունների մշակման համար աշխատանքային խմբերի ստեղծմանը, ինչպես նաեւ հիմնարար հետազոտությունների ոլորտում համագործակցությունը կարգավորող  իրավական դաշտի բարելավմանն ուղղված հարցեր:

 

Խորհրդակցության արձանագրության համաձայն՝ որոշվել է դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ «ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների բնագավառում համագործակցության խորհրդի ստեղծման մասին»  համաձայնագրի ընդունմանն ուղղված  ներպետական ընթացակարգերն արագացնելու խնդրանքով:

 

Բելառուսում գտնվելու ընթացքում ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը մասնավոր հանդիպումներ է ունեցել ՌԴ ԳԱԱ փոխնախագահ Ն. Լավերովի եւ ԲՀ ԳԱԱ առաջին փոխնախագահ Պ. Վիտյազի հետ: Ս. Հարությունյանը հանդես է եկել Սեւանի հիմնախնդիրների ուսումնասիրմանն ուղղված եռակողմ ծրագրի նախագծման առաջարկությամբ եւ ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն: ՌԴ ԳԱԱ փոխնախագահ Ն. Լավերովի հետ ԳՊԿ նախագահը  քննարկել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունից   ժամանակավոր օգտագործման նպատակով Հայաստան բերված նավի հետագա օգտագործման հետ կապված իրավական հարցերը: Ն. Լավերովը պատրաստակամություն է հայտնել գտնելու համապատասխան իրավական հիմքեր՝ նավը որպես նվիրատվություն ՀՀ ԳԱԱ-ին հանձնելու համար՝ վերը նշված եռակողմ ծրագիրը հնարավորինս շուտ կյանքի կոչելու  պայմանով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին