ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտական համագործակցության առաջարկներ` Մոսկվայում

21.05.2018

2018 թ. մայիսի 14-ից 16-ը Մոսկվայում (ՌԴ) տեղի է ունեցել Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից կազմակերպված Գլոբալ հետազոտական խորհրդի (ГИС) կազմում ընդգրկված ազգային գիտական կազմակերպությունների ամենամյա հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Մայիսի 14-ի հանդիպման շրջանակներում կայացած  «Հարևաններ հետազոտությունների ոլորտում» Կլոր սեղանի ժամանակ Սամվել Հարությունյանը հանդես է եկել  «Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ձեռքբերումները և ծրագրերը» թեմայով զեկույցով` ներկայացնելով առկա համագործակցության ընդլայնման ուղիներն ու հնարավորությունները, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ներդրված  գիտական փորձաքննության համակարգը: Կլոր սեղանի քննարկումների արդյունքում Գլոբալ հետազոտական խորհրդի և կոմիտեի միջև նախնական  պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտական փորձաքննություն իրականացնելու հնարավորությունները դիտարկելու վերաբերյալ. այն իր մեջ կներառի փորձագետների բազան համատեղ օգտագործելու հնարավորությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի փորձաքննության  գործընթացում կիրառելու հարևան երկրների գիտական ներուժը:

2018 թ. մայիսի 15-ին Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամը Գլոբալ հետազոտական խորհրդի (ГИС) կազմում ընդգրկված ազգային գիտական կազմակերպությունների ամենամյա հանդիպման շրջանակներում կազմակերպել էր ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և հիմնադրամի միջև համագործակցության 10-ամյակին նվիրված հանդիպում: Հանդիպման ընթացքում ներկայացվել են  համագործակցության արդյունքները, նշվել է, որ 10 տարվա ընթացքում անցկացված երեք մրցույթների արդյունքում իրականացվել է 81 գիտական ծրագիր, տպագրվել է 500-ից ավելի գիտական հոդված, իրականացվել է 60-ից ավելի փոխայցելության ծրագիր:  Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի տնօրեն Վ. Պանչենկոն, ընդգծելով համագործակցության արդյունավետությունը, առաջարկել է երիտասարդ գիտնականներին աջակցություն տրամադրելու նպատակով 2018թ. աշնանը հայտարարել գիտական նախագծերի համատեղ մրցույթ: ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը նշել է, որ  2018 թ. ՀՀ պետական բյուջեում վերոնշյալ նպատակով գումար նախատեսված չէ, ուստի կարող է քննարկվել    մրցույթը   2019 թ. անցկացնելու հարցը:

Մոսկվա կատարած այցի ընթացքում Սամվել Հարությունյանը հանդիպել է նաև Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի նախագահ Ս. Գապոնենկոյին, որի հետ քննարկել է համագործակցությունը շարունակելու և գիտական և գիտատեխնիկական ծրագրերի նոր համատեղ մրցույթ հայտարարելու նպատակահարմարությունը: Հիշեցնենք, որ 2011 և 2014 թթ. ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և ՀՀԲՀՀ կողմից անցկացված մրցույթների շրջանակներում ֆինանսավորվել և հաջողությամբ իրականացվել են  17-ական գիտական երկամյա ծրագրեր, ևս 19 գիտական երկամյա ծրագրեր իրականացվում են 2016 թ. հայտարարված մրցույթի արդյունքում:

Այցի շրջանակներում ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այցելել է «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային կենտրոն և կենտրոնի նախագահ Մ. Կովալչուկի հետ քննարկել համագործակցային կապերի ընդլայնման հնարավորությունները: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե - Կուրչատովի ինստիտուտ-Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ եռակողմ համագործակցության խթանման նպատակով քայլեր ձեռնարկելու  մասին: