ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Կստեղծվի Տեսական ֆիզիկայի համատեղ լաբորատորիա

22.07.2015

Հուլիսի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ստորագրվեց Տեսական ֆիզիկայի համատեղ լաբորատորիայի ստեղծման մասին պայմանգիր Երևանի պետական համալսարանի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) միջև:

Ստորագրման հիմքում ընկած է 2013 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) միջև կնքված կրթության և գիտության ոլորտներում համագործակցության մասին պայմանագիրը:

Այս պայամանգրի ստորագրումն անմիջական նպատակ է հետապնդում ընդլայնել ՀՀ գիտնականների և մասնագետների ներգրավվածության մակարդակը Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) միջոցառումներում, այդ թվում` փոխանակման ծրագրերում:

Տեսական ֆիզիկայի համատեղ լաբորատորիան ստեղծվում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և ԱԱԳԼ տեսական ֆիզիկայի բաժանմունքի բազայի հիման վրա:

Լաբորատորիայի ստեղծումը նպատակ ունի համատեղել ջանքերը տեսական ֆիզիկայի բնագավառում գիտական և գիտակրթական աշխատանքների իրականացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, մագիստրոսական, ասպիրանտական և հետդոկտորանտական ծրագրերի մշակման և ներդրման, ինչպես նաև` միջազգային նախագծերի կատարման ուղղությամբ:

Լաբորատորիայի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են լինելու` քվանտային դաշտերի և լարերի տեսությունը, մաթեմատիկական ֆիզիկան, տարրական մասնիկաների ֆիզիկան, գերբարձր էներգիաների գամմա-ճառագայթների ֆիզիկան, հոծ միջավայրերի ֆիզիկան, արագացուցչային ֆիզիկան, մաթեմատիկան:

Գիտության պետական կոմիտեի նախագահը շնորհավորեց կողմերին պայմանագրի ստորագրման կապակցությամբ, ինչպես նաև հույս հայտնեց, որ այն կնպաստի ՀՀ-ում կատարվող հետազոտությունների միջազգային ճանաչելիության մակարդակի աճին և տեսական ֆիզիկայի բնագավառում գիտական և գիտակրթական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին