ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Մեկնարկել է «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողովը

25.09.2018

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում մեկնարկել է «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման 75-ամյակին և ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Արամ Նալբանդյանի 110-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Ավստրիայից, Բելառուսից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից և Ռուսաստանից:

Գիտաժողովում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Ալդոշինը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք էր ուղղել նաև ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Գիտաժողովը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 29-ը: Ծրագրով նախատեսված են 100-ից ավել պլենար դասախոսություններ, բանավոր և  ստենդային զեկուցումներ: Գիտաժողովին մասնակցում են մոտ 40 երիտասարդ գիտնականներ, որոնց համար կանցկացվի լավագույն զեկուցումների մրցույթ:

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական կենտրոնների կողմից  քիմիական ֆիզիկայի բնագավառում վերջին տարիներին կատարված գիտական մշակումների արդյունքները, կքննարկվեն բնագավառի զարգացման հեռանկարները, տեղի կունենա փորձի փոխանակում: