ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայտարարություն

03.04.2012

Երիտասարդ գիտնականների դպրոց

«Նորարարություններ  եւ գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացում»

Ծաղկաձոր

2012 թ. հուլիսի 2-4

 

ՀՀ բուհերի բարձր կուրսերում եւ մագիստրատուրայում սովորող ուսանողները, ինչպես նաեւ ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու 2012 թվականի հուլիսի 2-4-ը Ծաղկաձորում կայանալիք «Նորարարություններ եւ գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացում» թեմայով երիտասարդ գիտնականների դպրոցին:

 

Դպրոցը կազմակերպվում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից՝  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ:

 

Դպրոցի շրջանակներում դասընթացներ կվարեն հրավիրված մասնագետներ եւ գործող ձեռնարկությունների ներկայացուցիչներ՝ նորարարական մշակումների, գիտական հետազոտությունների արդյունքների  առեւտրայնացման թեմաներով: Մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի ձեռք բերել նորարարական գաղափարները պոտենցիալ ներդրողներին առավել արդյունավետ կերպով ներկայացնելու հմտություններ:

 

Դպրոցի շրջանակներում կանցկացվի նաեւ գիտական մշակումների, նորարարական եւ գիտական առաջարկների, գիտական աշխատանքների  արդյունքների  եւ կիրառական բնույթի գիտական գաղափարների ցուցահանդես–մրցույթ՝ ֆիզիկամաթեմատիկական, բնական գիտությունների  եւ ճարտարագիտության ոլորտներում: Նյութերը կարող են ներկայացվել անհատական կամ խմբով՝ պատրաստի մոդելի, պաստառի կամ շնորհանդեսի տեսքով:

 

Նախագծերի քննարկումը, ընտրությունը  եւ գնահատումը կանցկացվի գիտության  եւ տնտեսության համապատասխան ոլորտի մասնագետների կողմից: Լավագույն նախագծերը կներկայացվեն ցուցահանդես–մրցույթում, որի արդյունքում  հաղթողները կստանան մրցանակներ:

 

Դպրոցի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված հայտի ձեւը (ֆայլն անվանելով մասնակցի անունով  եւ ազգանունով), ապա հայտը  եւ մշակման համառոտ նկարագիրը, եթե կա (1-2 էջ), ուղարկելmanar@sci.am

հասցեով: Նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր կներկայացնեն նաեւ ցուցահանդես–մրցույթի հայտ:

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է  2012 թ. մայիսի 20-ը:

 

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչեւ 2012 թ. հունիսի 20-ը:

 

Երիտասարդ գիտնականների դպրոցին մասնակցությունը` ներառյալ կեցությունը, սնունդը, տրանսպորտը եւ մշակութային միջոցառումները անվճար է:

 

Աշխատանքային լեզուն հայերենն է:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունք (Բաղրամյան 24, սենյակ  7 եւ 8, hեռ. 52-47-40):