ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նոր քիմիական տարրն անվանակոչվել է հայ գիտնականի պատվին

09.06.2016

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) անվանակոչել է 4 նոր քիմիական տարրեր:  Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին:

Տարրն այդպես անվանակոչելու առաջարկն արել են Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Լիվերմորի (ԱՄՆ) ազգային լաբորատորիայի գիտնականները` հաշվի առնելով Յուրի Հովհաննիսյանի նորարարական մոտեցումները հետազոտությունների ժամանակ: «Նրա բազմաթիվ ձեռքբերումներից են գերծանր տարրերի հայտնաբերումը, միջուկային ֆիզիկայի բնագավառում նշանակալի ձեռքբերումները»,_ասվում է IUPAC-ի կայքում:

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանը փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մեծագույն գիտնականներից է, 2003 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարը:

Յուրի Հովհաննիսյանը նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի  ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև  համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»: 

Մենդելեևի աղյուսակում հայտնվել են նաև nihonium (Nh) moscovium (Mc), tennessine  (Ts) նոր տարրերը, որոնք անվանակոչելիս հաշվի են առնվել դրանց հայտնաբերման վայրերը:

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն շնորհավորանքներ է հղել անվանի գիտնականին և ՄՀՄԻ նախագահ Վիկտոր Մատվեևին: