ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ասուլիսում ամփոփվեց Գիտության պետական կոմիտեի 2016 թ. գործունեությունը

17.01.2017

Հունվարի 17-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսը`  կոմիտեի 2016 թ. գործունեության վերաբերյալ:

Պարոն Հարությունյանը նախ անդրադարձավ ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ստեղծման ուղղությամբ 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքներին: Այնուհետև ներկայացրեց Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված մրցույթները. հաշվետու տարում հայտարարվել և կազմակերպվել է գիտական ծրագրերի ֆինանսավորման ներպետական 5 և միջազգային 6 մրցույթ, ամփոփվել են 2015 թ. հայտարարված բարձր արդյունավետությամբ աշխատող մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքները, կազմակերպվել է 2015-2016 թթ. հայտարարված մրցույթների հայտերի առցանց հավաքագրումը, տեխնիկական ու գիտաչափական վերլուծությունը և այլն:

Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ 2016 թ. համար ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմել է 14, 2 մլրդ ՀՀ դրամ, որից բազային ֆինանսավորման ծրագրերի համար հատկացվել է՝ 12, 6 մլրդ ՀՀ դրամ, թեմատիկ (պայմանագրային) ֆինանսավորման ծրագրերի համար՝ 1,4 մլրդ ՀՀ դրամ և պետական նպատակային ծրագրերի համար՝ 206 մլն ՀՀ դրամ: Նա ներկայացրեց նաև տվյալներ` ըստ ենթածրագրերի ոլորտի ֆինանսավորման, ինչպես նաև «Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներ» ծրագրի շրջանակներում տրվող հավելավճարների վերաբերյալ:

Միջազգային համագործակցության ուղղությամբ 2016 թ. ընթացքում կազմակերպվել են միջազգային համագործակցության 9 պայմանագրերի ու հուշագրերի մշակման և կնքման աշխատանքներ: Պարոն Հարությունյանը դրանցից առավել կարևորեց «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը:

Տարվա ընթացքում Գիտության պետական կոմիտեի կողմից  կազմակերպվել են նաև միջազգային նշանակություն ունեցող միջոցառումներ, որոնցից կոմիտեի նախագահն առանձնացրեց հոկտեմբերին Երևանում կայացած Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 60-ամյակին նվիրված գիտաժողովը, նոյեմբերին` «Արևելյան գործընկերության գիտության նախարարների ոչ պաշտոնական երկխոսություն» հավաքը և դեկտեմբերին՝ Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցի եզրակացությունների իրականացմանը և կայուն զարգացման նպատակներին հասնելու մեջ գիտաինովացիոն գործունեության դերին նվիրված աշխատաժողովը:

Ասուլիսին Գիտության պետական կոմիտեի նախագահի ներկայացրած թեմաների մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի 2016 թվականի գործունեության ամփոփ հաշվետվությունից:

Ասուլիսի վերջում կոմիտեի նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, որպես տարվա ընթացքում մրցույթների արդյունքում ընտրված առավել կարևոր ծրագրեր, ներկայացրեց կոմիտեի և ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամի» կողմից  համատեղ հայտարարված կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության մրցույթի արդյունքում ընտրված 6 ծրագրերը: Պատասխանելով վերջին ամիսներին գիտության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած ուղղության վերաբերյալ հարցին` Ս. Հարությունյանը նշեց, որ քայլեր են արվում ոլորտում կիրառական ուղղությամբ ծրագրերի ֆինանսավորման մասնաբաժինն ավելացնելու ուղղությամբ, նշելով, որ ներկայումս ոլորտի ֆինանսավորման 70 տոկոսն ուղղված է հիմնարար գիտության զարգացմանը, ինչը չափազանց շատ է:

Հնչեցին նաև այլ հարցեր, որոնք վերաբերում էին «Հորիզոն-2020»  ծրագրի շրջանակներում սպասվող արդյունքներին, գիտություն-հասարակություն կապերին, գիտնականների աշխատավարձերին և այլն:

  

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին