ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպում Յուրի Հովհաննիսյանի հետ

19.09.2016

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը հյուրընկալել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին:

Կոմիտեի նախագահն անվանի գիտնականի հետ զրուցել է ՀՀ գիտության ոլորտի ընդհանուր վիճակի, ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ կոմիտեի իրականացրած ու ընթացիկ աշխատանքների և այլ հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը:

Յուրի Հովհաննիսյանը Հայաստան է եկել մասնակցելու  ս.թ. սեպտեմբերի 21-23-ին Երևանում տեղի ունենալիք ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված Համահայկական գիտական համաժողովին, որտեղ հանդես է գալու  «Գերծանր էլեմենտների սինթեզը և հատկանիշները» թեմայով զեկուցմամբ:

Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսին Յուրի Հովհաննիսյանի պատվին Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og): Տարրն այդպես անվանակոչելու առաջարկն արել էին Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Լիվերմորի (ԱՄՆ) ազգային լաբորատորիայի գիտնականները` հաշվի առնելով Յուրի Հովհաննիսյանի` հետազոտությունների ժամանակ կիրառվող նորարարական մոտեցումները, որոնք վճռորոշ նշանակություն են ունեցել  միջուկային ֆիզիկայի բնագավառում, հատկապես` գերծանր տարրերի հայտնաբերման ուղղությամբ:  

Գիտնականը մեծ ավանդ ունի նաև  ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև  համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»: 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին