ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Հանդիպում ԻԻՀ պատվիրակության հետ

01.08.2017

Հուլիսի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիաների հանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդիի գլխավորությամբ:

Պարոն Հարությունյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում գիտության ոլորտի վիճակը, հետխորհրդային տարիներին առաջացած հիմնախնդիրներն ու, ըստ այդմ, Գիտության պետական կոմիտեի որդեգրած քաղաքականությունն ու իրականացվող ծրագրերը: Կոմիտեի նախագահն այնուհետև անդրադարձել է Հայաստանում իրականացվող մի շարք միջազգային ծրագրերի` մանրամասն ներկայացնելով հատկապես տարածաշրջանային նշանակություն ունեցող  ծրագրերը: Նա մտահոգիչ է համարել այն փաստը, որ, լինելով բարեկամ երկրներ, Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռևս չունեն գիտության ոլորտում համագործակցության պայմանագրեր, մինչդեռ կարող էր արդյունավետ համագործակցություն ձևավորվել նանոտեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության բնագավառներում, որոնցում առաջատար է Իրանը, և մաթեմատիկայի, ֆիզիկայի ու աստղագիտության բնագավառներում, որոնցում երկու երկրներն էլ ունեն լավ ավանդույթներ:

Իրանի պատվիրակության նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդին պատասխան  խոսքում ներկայացրել է իր ղեկավարած` ԻԻՀ Մեջլիսի կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիաների հանձնաժողովի աշխատանքները` նշելով, որ այն Մեջլիսի 15 հանձնաժողովներից ամենաազդեցիկներից է, որը լուրջ ազդեցություն ունի նաև երկրի քաղաքական կյանքի վրա: Նա անդրադարձել է վերջին տասնամյակներում Իրանում կրթության և գիտության ոլորտներում գրանցած հաջողություններին` նշելով, որ հատկապես միջուկային էներգիայի և ռազմարդյունաբերության ոլորտներում իրենց երկիրը լուրջ հաջողություններ է գրանցել` հասնելով լիակատար անկախության: Պարոն Զահեդին նշել է, որ որպես բարեկամ երկիր, իրենք ուրախ կլինեն Հայաստանի գիտության զարգացմանը նպաստելու համար և համոզված է, որ կրթության և գիտության բնագավառներում համագործակցությունը փոխշահավետ կլինի:

Հանդիպման ավարտին կողմերն այցելեցին «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ` տեղում ծանոթանալու ԱՐԵԱԼ (AREAL-Advanced Research Electron Accelerator Laboratory) գիտահետազոտական գծային արագացուցչի հիման վրա ստեղծված ժամանակակից գիտահետա­զոտական լաբորատո­րիայի աշխատանքներին: