ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկում ոլորտի բյուջեի վերաբերյալ

14.06.2019

Հունիսի 14-ին Գիտության կոմիտեում կազմակերպվել էր հանրային քննարկում գիտության ոլորտի Միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020 թ. պետական բյուջեի  հայտի նախագծի նախնական տարբերակների վերաբերյալ, որին մասնակցում էին ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հայտատու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը գիտության ոլորտի ծրագրերի կազմմանը, ինչպես նաև հայտատու կազմակերպությունների հետ համագործակցությունը հնարավորություն կտա գործընթացը դարձնել առավել թափանցիկ, իսկ ծախսերի ծրագրերն՝ առավել նպատակային ու հիմնավոր:

Հանդիպումը բացելով` Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նախ համառոտ ներկայացրեց կոմիտեի կողմից 2020-2022 թվականների համար առաջնահերթ համարվող հիմնական նպատակները, որոնք են

1. Գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացում, կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմների ներդրում,

2. Միջազգայնորեն մրցունակ հիմնարար ուսումնասիրությունների, տնտեսության պահանջներից բխող կիրառական հետազոտությունների, ինչպես նաև երկակի նշանակություն ունեցող գիտելիքների ձեռքբերմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

3. Գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգի ներդրում, գիտության ենթակառուցվածքների արդիականացում.

4. Գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոնների ստեղծում՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիական ոլորտներում,

5. Կրթություն-գիտություն կապի ամրապնդում՝ ձևավորելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցեր՝ ապահովելով ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների ազատ տեղաշարժի իրավունքը ցանցի կազմակերպությունների մեջ.

6. Հայագիտական հետազոտությունների առաջանցիկ զարգացման ապահովում, այդ թվում` միջազգային համագործակցության զարգացում:

Նա նշեց, որ ՄԺԾԾ 2020-2022 թթ. ծրագիրը կազմված է վերը նշված քայլերը հաշվի առնելով, ինչից էլ բխում են ծախսային ծրագրերը:

Կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը ներկայացրեց կոմիտեի հայտարարած մրցույթների պայմաններում կատարված փոփոխությունները:

Քննարկումներ ծավալվեցին տարբեր թեմաներով` միջին տարիքի գիտնականների խրախուսման ծրագրերից մինչև միջազգային գիտական կազմակերպություններին անդամակցություն և Ֆրանսիայից ԳԱԱ-ին նվիրաբերվող գերհամակարգչի սպասարկման ծախսերի ֆինանսավորում: Ընդարձակ առաջարկություններով հանդես եկավ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը: Քննարկման մասնակիցներին առաջարկվեց իրենց կարծիքները ներկայացնել գրավոր:

Քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկությունները և դիտողությունները սահմանված ժամկետում կամփոփվեն և կհրապարակվեն Գիտության կոմիտեի կայքում, ինչպես նաև կտրամադրվեն ՀՀ ֆինանսների նախարարությանը: