ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Տեղի է ունեցել Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստը

05.12.2018
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

2018 թ. նոյեմբերի 28-ից 30-ը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի և Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի հրավերով գտնվում էր Մինսկում: Այցի ընթացքում Ս. Հարությունյանը մասնակցել է Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի, ինչպես նաև Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի 23-րդ նիստի աշխատանքներին:

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի ժամանակ  ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ելույթ է ունեցել՝ ներկայացնելով գիտության ոլորտի արդի  վիճակը Հայաստանում, Հայաստանի Հանրապետության համար գերակա ուղղությունները, գիտական փորձաքննության ոլորտում գրանցված արդյունքները: Ներկայացնելով ՀՀ քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները՝ Սամվել Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը առանձնահատուկ մոտեցում ունի գիտության ոլորտի զարգացմանը, ինչը կխթանի գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցային կապերի ընդլայնումը: Սամվել Հարությունյանը ներկայացրել է նաև Գիտության զարգացման ռազմավարության միջոցառումների ծրագիրը:

Նիստի հիմնական հարցը «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ԲՀ ԳՏՊԿ - 2018» համատեղ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված 4 թեմաների քննարկումն էր: Մրցույթին   ստացվել էր  17 հայտ: Հանձնաժողովի անդամները մանրակրկիտ ուսումնասիրեցին ներկայացված հայտերի գիտական փորձաքննության արդյունքները: Հանձնաժողովի անդամները արձանագրեցին մրցույթին ներկայացված հայտերի բարձր որակը և համագործակցային կապերի ակտիվացումը երկու երկրների  գիտական կազմակերպությունների միջև:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հորիզոն-2020 շրջանակային ծրագրի շրջանակներում համատեղ ծրագրերի ներկայացման հնարավորությունը: Բելառուսական կողմը շահագրգռված է այդ հարցում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը Հորիզոն-2020 ծրագրի ասոցացված անդամ է, և համագործակցությունն այդ շրջանակներում լավագույնս կնպաստի գիտության ոլորտի զարգացմանը երկու երկրներում: Սամվել Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել տվյալ հարցին:

Քննարկվող հարցերից երկուստեք կարևորություն էր ներկայացնում նաև Սևանա լճում Հայաստանի և Բելառուսի համար ազգային արժեք հանդիսացող քաղցրահամ ջրավազանների էկոհամակարգերի ուսումնասիրության միջազգային գիտագործնական կենտրոն - կենսաբանական կայանի գործունեության և ֆինանսավորման հարցը: Սամվել Հարությունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը այդ հարցում կատարել է 2013 թ. հոկտեմբերի 14-ին ստորագրված պայմանագրով սահմանված պարտավորությունների իր բաժինը. ներկայումս կայանը գործում է: ԲՀ գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը տեղեկացրել է, որ գիտական սարքավորումների գնման համար  անհրաժեշտ ֆինանսավորում ստանալու ներպետական գործընթացն ավարտական փուլում է: 

ՀՀ ԿԳՆ ԳԿ նախագահ Սամվել Հարությունյանը ԲՀ ԳՏՊԿ նախագահ Ալեքսանդր Շումիլինին է փոխանցել Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին անդամակցությունը վերականգնելու  մասին ՄԳՏԿ գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվի առաջարկ-նամակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ քննարկումների միջոցով հստակեցնել անդամակցության կարգն ու պայմանները:

Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում: