ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԳՊԿ նախագահն ամփոփեց 2015 թվականի գործունեությունն ու ներկայացրեց հեռանկարային ծրագրերը

26.01.2016

Հունվարի 26-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը` «2015 թվականի գործունեության ամփոփում և հեռանկարային ծրագրեր»  թեմայով:

Կոմիտեի նախագահը նախ համառոտ անդրադարձավ 2015 թվականի ընթացքում գիտության ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններին:  Նա նշեց, որ «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքով ներդրվել է գիտական և գիտատեխնիկական ծրագրերի/թեմաների ընտրության ու հաշվետվությունների գնահատման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգ, ինչը կնպաստի գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը: Կառավարության որոշմամբ գիտական և գիտատեխնիկական փորձաքննական գործունեության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմին է սահմանվել Գիտության պետական կոմիտեն: Կառավարության մեկ այլ որոշմամբ գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների գիտական աշխատողներն ընդգրկվել են ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում: 

2015 թվականին Գիտության պետական կոմիտեն հայտարարել և կազմակերպել է գիտական ծրագրերի ֆինանսավորման 7 մրցույթ, որոնք ուղղված էին թեմատիկ ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրությանը, գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը, բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրմանը, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրությանը, Շիրակի մարզի ու Արցախի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցությանը: Մեկ մրցույթ անցկացվել է Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համատեղ՝ հումանիտար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության նպատակով:

Տարվա ընթացքում կազմակերպվել է 2014 թ. վերջին հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփումը, կազմակերպվել է գիտական թեմաների ամփոփիչ և  ընթացիկ հաշվետվությունների գնահատումը:

Ասուլիսի ընթացքում ԳՊԿ նախագահը ներկայացրեց կոմիտեի գործունեությանը վերաբերող թվային տվյալներ. «2015 թ. իրականացվել են պետական բյուջեում ընդգրկված թվով 16 գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր՝ ընդհանուր` 1.839.406,2 հազ. դրամ ֆինանսավորման ծավալով, կոմիտեի միջոցով ֆինանսավորվել է երիտասարդ գիտնականների 9 դպրոց, 43 գիտական միջոցառում, գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող 3 կազմակերպությունների գիտական սարքավորումներով վերազինման նպատակով տրամադրվել է 20.008,0 հազ. դրամ, կոմիտեի աջակցությամբ իրականացվել են միջազգային գործուղումներ, աշխատանքներ են տարվել գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների անձնագրավորման, գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տվյալների շտեմարանի թարմացման, գիտական հրատարակումների և գիտության մասսայականացման աջակցության ուղղությամբ», նշեց պարոն Հարությունյանը:

Անդրադառնալով ԳՊԿ միջազգային համագործակցությանը՝ պարոն Հարությունյանը հայտնեց, որ   ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև շուտով կկնքվի Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը, որպես ծրագրի լիիրավ մասնակից, կինտեգրվի Եվրոպական գիտական տարածք: Տարվա ընթացքում իրականացվել են հայ-ֆրանսիական, հայ-գերմանական, հայ-իտալական, հայ-ռուսական, հայ-բելառուսական համատեղ ծրագրեր:

Հոկտեմբերին կոմիտեն, ԵՊՀ և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության հետ համատեղ, անցկացրել է «Հայ-գերմանական գիտության օր» միջոցառումը, իսկ ՀՀ ԳԱԱ հետ համատեղ` Երևանում կազմակերպել է ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության խորհրդի 4-րդ նստաշրջանը:

2015-ին  միջազգային համագործակցության ուղղությամբ  կնքվել են երկու կարևոր փաստաթղթեր՝ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը և  ԵՊՀ և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) միջև Տեսական ֆիզիկայի համատեղ լաբորատորիայի ստեղծման մասին պայմանագիրը: Վերջինիս ստորագրման հիմքում ընկած է 2013 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) միջև կնքված կրթության և գիտության ոլորտներում համագործակցության մասին պայմանագիրը:

Ասուլիսի ընթացքում Ս. Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց նաև 2016 թվականի ընթացքում Գիտության պետական կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես, ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագիրը, «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու կարգը, փորձաքննության կազմակերպման գործունեության հավատարմագրման կարգը և չափանիշները, ինչպես նաև փորձաքննություն իրականացնող գիտական կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին որոշումների նախագծեր: ՀՀ կառավարություն է ներկայացվելու նաև «ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունն ու կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը:

Ընթացիկ տարում ԳՊԿ-ի կողմից նախատեսվում է կազմակերպել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ, հայ-գերմանական համատեղ գիտական ծրագրերի մրցույթ, ինչպես նաև մրցույթներ՝ ասպիրանտների, երիտասարդ հայցորդների և գիտաշխատողների հետազոտություների աջակցության նպատակով:

Ծանոթություն.ԳՊԿ 2015 թվականի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի 2015 թվականի գործունեության ամփոփ հաշվետվություն:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին