ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մասնակցություն Երկրի դիտարկումների խմբի (GEO) 14-րդ լիագումար նստաշրջանին

01.11.2017

Հոկտեմբերի 22-27-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը  ԱՄՆ առևտրի դեպարտամենտի օվկիանոսային և մթնոլորտային կառավարման ազգային գործակալության (National Oceanic and Atmospheric Administration) հրավերով մեկնել էր Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ մասնակցելու Երկրի դիտարկումների խմբի (GEO) 14-րդ լիագումար նստաշրջանին և Գործադիր կոմիտեի 41-րդ հանդիպմանը:

Երկրի դիտարկումների խմբի 14-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ կատարվել է Գլխավոր քարտուղարի ընտրությունը: 2018 թ. հունիսի 1-ից Երկրի դիտարկումների խումբը կգլխավորի Ջիլբերտո Կամարայը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից: GEO Գործադիր կոմիտեի 41-րդ հանդիպման ժամանակ ներկայացվել են «Հորիզոն 2020 ERA PLANET» գործող նախագիծը և վերջինիս շրջանակներում ֆինանսավորվող պիլոտային SMURBS կոնսորցիումը:

GEO Գործադիր կոմիտեի հանդիպման ժամանակ քննարկումներ են եղել ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը Համաեվրոպական Երկրաբանական վարչության (EuroGeoSurvey) երկրաքիմիայի փորձագիտական խմբում ներգրավելու վերաբերյալ: Արդյունքում Համաեվրոպական Երկրաբանական վարչության և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Քննարկումներ են եղել նաև ՀՀ  ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 2017 թ. մեկնարկած «Հորիզոն 2020 Connecting» և GEO գործող «Հորիզոն 2020  ERA PLANET» նախագծերի ասոցացման վերաբերյալ: Վերջինս հնարավորություն կտա «Հորիզոն 2020 Connecting» նախագծում որպես պիլոտային հետազոտության տարածք ընդգրկված Երևան քաղաքը ներառել «Հորիզոն 2020 ERA PLANET» նախագծով նախատեսվող, հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ եվրոպական քաղաքային տարածքների աճի և զարգացման հետևանքների պիլոտային հետազոտությունների համար ընտրված քաղաքների ցանկում:

Վաշինգտոն այցի շրջանակներում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նաև հանդիպել է ԱՄՆ Ստանդարտների և Տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի գլխավոր գիտաշխատողներ Հրաչ Սեմերջյանի և Աշոտ Նազարյանի հետ: Հ. Սեմերջյանի հետ քննարկվել են համատեղ գիտական նախագծերի և միասնական ստանդարտների մշակման հետ կապված, իսկ Ա. Նազարյանի հետ` այլընտրանքային էներգետիկայի ոլորտում համատեղ գիտական ծրագրերի իրականացման հարցեր: