ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվել են Ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքից բխող խնդիրներ

25.05.2015

Մայիսի 22-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի մոտ անցկացված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքից բխող միջոցառումների իրականացման խնդիրների շուրջ  քննարկմանը:

 

Քննարկման ընթացքում ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի մոտեցումները ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: Խորհուրդն ստեղծվելու է 2015 թ. մարտի 25-ին  ընդունված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Խորհրդի խնդիրն է լինելու հանրապետության ռազմարդյունաբերության ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություններ անելն ու ՀՀ կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը:

 

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱԴ պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանն ու գիտական քաղաքականության վարչության պետ Վարդան Սահակյանը:

 

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի նպատակներն են ոլորտի զարգացման համար կայուն հիմքի ստեղծումը, ՀՀ ԶՈւ և այլ զորքերի սպառազինության մատակարարումների պետական ծրագրերի իրականացումը: Օրենքով կարգավորվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքները: