ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Քննարկումներ գիտության ոլորտի ռազմավարության ծրագրի շուրջ

24.07.2009

Հուլիսի 24-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը Մամուլի ազգային ակումբում հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպման թեման գիտության ոլորտի զարգացման 2010-2020 թթ. ռազմավարությունն էր:

 

Սամվել Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանում գիտության զարգացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, 2007 թվականին ընդունված ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները, որ ենթադրում է իրար կրկնող գիտական ծրագրերից եւ նմանատիպ գիտատեխնիկական գործունեությունից խուսափելու նպատակով գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների օպտիմիզացիա, գիտության ոլորտի ֆինանսավորման կարգերի հստակեցում, համապատասխանեցում եվրոպական չափանիշներին, բյուջետային հոդվածների համահունչ բաշխում, անկախ փորձագիտական համարգի ներդրում, գիտության երիտասարդացման ծրագրի մշակում, գիտաժողովների, ամառային դպրոցների կազմակերպում, գիտություն-կրթություն-արտադրություն կապերի հաստատում եւ խթանում, գիտության ոլորտում միջազգային կապերի ամրապնդում եւ վերջապես՝ գիտության կառավարմանն ուղղված բարեփոխումների իրականացում:

 

Կոմիտեի նախագահը մանրամասն ներկայացրեց նաեւ վերջերս մշակված եւ շրջանառության մեջ դրված գիտության ոլորտի զարգացման ռազմավարության թիրախային դրույթները՝ հատուկ կարեւորելով ՀՀ-ում հայագիտության զարգացումը:

 

Հանդիպման վերջում Ս. Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին