ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ստորագրվեց գիտատեխնիկական համագործակցության նոր հուշագիր

07.02.2018

Փետրվարի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի արդյունքում ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի միջև ստորագրվեց «Գիտատեխնիկական համագործակցության և երիտասարդ մասնագետների պատրաստման» մասին փոխըմբռնման հուշագիր: Արարողությանը ներկա էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Ողջունելով ներկաներին և կողմերի նախաձեռնությունը՝ նախարարն ընդգծեց երկրի ողջ ներուժի միավորման կարևորությունն այս ոլորտում՝ մասնավորապես դրանում գիտատեխնիկական, գիտահետազոտական, գիտակրթական, ինչպես նաև՝ գործնական աշխատանքների դերը: Սեյսմիկ վտանգի գնահատման գործում նախարարը խիստ կարևորեց ռիսկերի գնահատման և դրանց նվազեցմանն ուղղված գործընթացները: Պարոն Տոնոյանը նշեց, որ այս առումով անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կառույցների միջև համագործակցությունը՝ համատեղ աշխատանքներ կատարելու նպատակով:

ՀՀ ԱԻ նախարարության անունից հուշագիրը ստորագրեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենի ժ/պ Ս. Մարգարյանը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի անունից՝ Խաչատուր Մելիքսեթյանը, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի անունից՝ Ավետիս Առաքելյանը:

Հաշվի առնելով, որ բնական և մարդածին աղետները Հայաստանում կյանքի բաղկացուցիչ մաս են և ընդգծելով, որ երկրի տնտեսության վրա աղետների ազդեցության հետևանքների վերցման ծախսերը հաճախ ավելին են, քան դրանց կանխարգելման կամ նվազեցման ծախսերը՝ կողմերը հուշագրով համաձայնեցին համագործակցել գիտատեխնիկական աշխատանքների, երիտասարդ մասնագետների պատրաստման, գիտագործնական նախագծերի կատարման և գիտատեխնիկական գիտելիքների փոխանակման ձևաչափով: Կողմերը պարտավորություն ստանձնեցին ստեղծել և մշտապես արդիականացնել տվյալների հենքերը՝ կապված վտանգների գնահատման և դրանց ռիսկերի նվազեցման հետ, արդիականացնել մշտադիտարկման ցանցերը, աղետների դեպքում օպերատիվ ռեժիմով փոխանակել անհրաժեշտ տվյալները, առանձնակի ուշադրություն դարձնել աղետների ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակմանը և այլն:

Առավել մանրամասն` ՀՀ ԱԻՆ կայքում