ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Մեկնարկել է «ՄՀՄԻ - նոր դարաշրջանի 25 տարին» գիտաժողովը

26.03.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում մարտի 26-ին մասնակցել է «ՄՀՄԻ - նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովին, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, դեսպաններ և այլ պատվավոր հյուրեր միջազգային գիտական համայնքից:

Գիտաժողովին Հայաստանից մասնակցում էին նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ Բորիս Սահակյանն ու Կարինա Դանիելյանը:

Գիտաժողովը կազմակերպվել էր Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում, որի ընթացքում ինստիտուտը նշելու է նաև իր հիմնադրման 62 -ամյակը:

Գիտաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՄՀՄԻ տնօրեն Վիկտոր Մատվեևը, ով ինստիտուտի տնօրինության անունից իր երախտագիտությունն է հայտնել ՄՀՄԻ ստեղծմանը նպաստած անձանց, ՄՀՄԻ անդամ-պետությունների ղեկավարներին, որոնց աջակցությամբ ՄՀՄԻ անձնակազմը համաշխարհային հռչակ և ճանաչում է ստացել: Գիտաժողովի ժամանակ հնչել են ելույթներ` նվիրված Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի վերջին 25 տարվա աշխատանքներին ու ինստիտուտի հետազոտական ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին, ինստիտուտի առաջատար ենթակառուցվածքներին և այլն:

Նիստի վերջում ընդունվել է գիտաժողովի մասնակիցների համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «Ինստիտուտը հաջողությամբ հաղթահարել է 90-ականների սկզբին ՄՀՄԻ անդամ-պետություններում տեղի ունեցած քաղաքական և սոցիալ-տնտեսական փոփոխություններով պայմանավորված փորձությունները և շարունակել հաջողությամբ զարգանալ «Գիտությունը մտերմացնում է ազգերին» կարգախոսի ներքո: Միջազգային արդյունավետ համագործակցության շնորհիվ ՄՀՄԻ-ն աշխարհում առաջատար է գիտության մի շարք բնագավառներում: Վերջին տարիների մեր ամենավառ ձեռքբերումն էր Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր` գերծանր էլեմենտների հայտնաբերումը»: 

Հիշեցնենք, որ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համաշխարհային ճանաչում ունեցող գիտական կենտրոն է, որտեղ հիմնարար հետազոտությունները (տեսական և փորձարարական) հաջողությամբ համադրվում են նորագույն տեխնոլոգիաների մշակման, ներդրման և համալսարանական կրթության հետ: Համաշխարհային գիտական հասարակության մեջ ինստիտուտի վարկանիշը շատ բարձր է: Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին անդամակցել է 18 երկիր: Հայաստանի Հանրապետությունը ՄՀՄԻ  անդամ է դարձել 1992 թ. մարտի 17-18 տեղի ունեցած նիստի որոշման համաձայն:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին