ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՀՄԻ հայաստանյան հանձնաժողովի նիստը Երեւանում

26.04.2009

Ապրիլի 28-ին Գիտության պետական կոմիտեի նախագահի մոտ տեղի ունեցավ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Հայաստանում ստեղծված աշխատանքային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝  Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը: Հանձնաժաղովի աշխատանքներին մասնակցում էին Աշոտ Չիլինգարյանը (ԵրՖԻ տնօրեն), Ռուբեն Հարությունյանը (ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ), Լեւոն Մարդոյանը (Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ, ՄՀՄԻ ֆինանսական հանձնաժողովի անդամ), Արտակ Մկրտչյանը (ՖԿՊԻ տնօրեն), Վասիլի Ցականովը (ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ), Լիլիթ Կարապետյանը (հանձնաժողովի քարտուղար, Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության եւ իրավական հարցերի բաժնի պետ):

 

Նիստի սկզբում Սամվել Հարությունյանը, խիստ կարեւորելով Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցությունը, հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՀՀ վարչապետի հանձնարարականները՝ կապված Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ գործուղված հայ գիտաշխատողների կարգավիճակի հետ:

 

Հանձնաժողովը որոշեց այսուհետ Դուբնա գործուղել միայն այն թեկնածուներին, որոնց համար կերաշխավորեն իրենց կազմակերպությունների տնօրենները եւ գիտական խորհուրդները:

 

Հավանություն տրվեց նաեւ ինստիտուտի կանոնադրության մեջ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կողմից առաջարկվող փոփոխություններին:

Հաջորդ հանդիպումը որոշվեց անցկացնել ըստ անհրաժեշտության:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին