ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողով

20.04.2016

Ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ ում տեղի ունեցավ տարեկան ընդհանուր ժողով:

Ժողովի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016 թ-ի ապրիլյան պատերազմում զոհված ազատամարտիկների և 2015 թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների հիշատակը:

Ժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ էկոնոմիկայի, կրթության և գիտության, սփյուռքի նախարարները, ռեկտորներ, նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրապետական խոսքից հետո ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա իր ողջույնի խոսքում նշեց. «Ժամանակակից պետության հիմքում ընկած է կրթական, գիտական ու բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման ապահովումը, այդ իսկ պատճառով գիտության ոլորտը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք ունենք հստակ մշակված քաղաքականություն, և, այսուհետ ևս, մեր հետևողական ջանքերն ուղղված են լինելու ոլորտի հետագա զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը:

Արդեն իսկ կնքված միջազգային բազմաթիվ պայմանագրերի շրջանակում կառավարությունը հնարավորինս աջակցում է մեր գիտնականների սերտ համագործակցությանը համաշխարհային հեղինակավոր գիտական կենտրոնների հետ: Եվրոպական գիտական համայնքին ինտեգրման խորացմանն է ուղղված, մասնավորապես, Եվրոպական Միության գիտության և տեխնոլոգիաների «Հորիզոն- 2020» ծրագրին ՀՀ ասոցացված մասնակցության համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարվա մայիսին»: 

 ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ 2015 թ. գործունեության արդյունքները. 70 դրամաշնորհային ծրագիր, 180 մենագրություն, 21 ուսումնական ձեռնարկ և դասագիրք, 2628 գիտական հոդվածներ, զեկույցներ և թեզիսներ հանրապետական և արտասահմանյան հրատարակչություններում, անցկացված 82 հանրապետական և միջազգային գիտաժողով և այլն:

Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ 2015 թվականին համակարգի աշխատողների սոցիալական ոլորտի հարցերը ևս եղել են ԳԱԱ նախագահության ուշադրության կենտրոնում:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը ևս հանդես եկավ ելույթով: Կոմիտեի նախագահի ելույթը հիմնականում կառուցողական բնույթ էր կրում, անդրադառնում էր ոչ միայն գիտության կազմակերպման խնդիրներին և ծառացած հարցերին, այլև այսօրվա ստեղծված իրավիճակից բխող հարցադրումներ և լուծումներ էր պարունակում: Պարոն Հարությունյանը նշեց. «ՀՀ կառավարության գիտության ոլորտում այսօրվա վարած կառուցողական քաղաքականության արդյունքում, չնայած պետական ֆինանսավորման ոչ այնքան բարենպաստ պայմաններին, ՀՀ գիտական կազմակերպություններում և, հատկապես, ակադեմիական ինստիտուտներում աշխատում են բազմաթիվ վաստակաշատ գիտնականներ, ովքեր ամեն տարի ակնհայտորեն բարելավում են իրենց աշխատանքի արդյունավետության ցուցանիշները՝ բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրված հոդվածների և՛ քանակը, և՛ որակը: Սա, անկասկած, ուրախալի է բոլորիս համար» (ելույթի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ):

2016 թ. ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովին ելույթներով հանդես եկան նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացվեցին ծրագրեր, առաջադրվեցին հարցեր:

Վերջում վարչապետն ամփոփեց ժողովի առաջին մասում հնչեցված կարծիքները, տվեց հանձնարարականներ համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին. «Նախ, պետք է ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ, արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները, ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ, ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ և իրականացնել գիտական ներուժի սահուն սերնդափոխություն, ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն և առաջընթաց, զարգացում, խթանել գիտական կազմակերպությունների՝ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը, ձևավորել գիտության, տեխնոլոգիաներ և ինովացիա պարունակող գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ և ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության և տնտեսության մեջ, ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը, էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը, հեռանկարում ապահովել համաշխարհային գիտական և գիտատեխնիկական տարածքում Հայաստանի Հանրապետության վայել դիրքի ձեռքբերումը, որի համար կառավարությունը պատրաստ է բերել իր աջակցությունը»:

Վարչապետը նշեց նաև, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ԳԱԱ խնդիրները, աշխատում է մշտապես աջակցել կառույցի գործունեությանը, բայց և հորդորում է շարունակել աշխատել առավել ակտիվ, ներկայացնել ծրագրեր, գործնական արդյունքներ, որոնք պետք է լինեն նաև ֆինանսապես արդյունավետ: