ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ կառավարության ծրագիրը՝ գիտության մասով

31.05.2013

Մայիսի 31-ին «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ  ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ «ՀՀ կառավարության ծրագիրը գիտության մասով» թեմայով: Ասուլիսի ժամանակ կոմիտեի նախագահը ներկայացրեց գիտության մասով ՀՀ կառավարության ծրագրում ներառված 4 հիմնական նպատակակետերը՝ գիտնականների վերջին տարիներին գրանցած հաջողությունների հետագա զարգացմանը աջակցության ցուցաբերման, գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ նոր մեխանիզմների ներդրման, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերի ընդլայնման եւ գիտական պետական  կազմակերպությունների ու մասնավոր հատվածի միջեւ առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղություններով:

 

ԳՊԿ նախագահը նախ անդրադարձավ վերջին տարիներին հայ գիտնականներին աջակցելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նա, մասնավորապես, նշեց, որ միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ վերջին 5 տարվա ընթացքում կնքվել են ավելի քան 30 պայմանագրեր եւ համաձայնագրեր, հայտարարվել են  6 համատեղ մրցույթներ, ֆինանսավորվել է 65 ծրագիր: Նշեց նաեւ, որ նախատեսվում են նոր պայմանագրեր, համատեղ մրցույթներ, նոր գործընթացներ՝ ՀՀ-ի եվրոպական գիտական տարածք ինտեգրման ուղղությամբ:

 

«Նախատեսվում է ավելացնել գիտական թեմաների ֆինանսավորման մրցույթների ծավալները: Եթե 2011-13 թվականներին ֆինանսավորվել է 130 գիտական թեմատիկ ծրագիր՝  1 մլրդ 810 մլն 304 հազար դրամ ծավալով, ապա 2014-15  թվականներին կտրամադրվի 2 մլրդ 310 մլն դրամ՝  165 ծրագրի համար: Գիտական թեմատիկ ծրագրերի ֆինանսավորման մրցույթների հայտերի ընտրությունն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Առաջին անգամ 2013 թ. ծրագրերում ներգրավվել են արտասահմանյան փորձագետ-խորհրդատուների, հայտի ղեկավարի կողմից նշվել են փորձաքննության գործընթացում անցանկալի 3 փորձագետների անուններ: Ծրագրերում ներգրավված գիտաշխատողների միջին աշխատավարձը ավելացել է 65000-ից մինչեւ 100.000 դրամ:

 

Գիտական թեմաների աճին զուգահեռ կավելանան նաեւ գիտական գործուղումների, գիտական միջոցառումների ֆինանսավորման ծավալները»,_իր խոսքում նշեց կոմիտեի նախագահը:

 

Ս. Հարությունյանը հայտնեց, որ առաջին անգամ 2013 թ. ապրիլին հայտարարվել է բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների աջակցությանն ուղղված ծրագրերի մրցույթ, որը լինելու է ամենամյա: Մրցույթին մասնակցելու համար ստացվել է  280 հայտ:

 

Մոտ օրերս կհայտարարվի գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացմանն ուղղված ծրագրերի մրցույթ, որի արդյունքում գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման համար 2013 թ. նախատեսված է տրամադրել 305 մլն 570 հազ. դրամ:

 

Առաջիկա տարիներին առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու սոցիալական եւ հումանիտար գիտությունների բնագավառին, հատկապես՝ հայագիտությանը: Իրականացվելու են առանձին դրամաշնորհային ծրագրեր, գործուղումներ, գիտական միջոցառումներին մասնակցություն եւ այլն:

 

Բնագիտական գիտությունների առումով ՀՀ-ում արդեն իսկ գրանցվել են այնպիսի ցուցանիշներ, որոնք ապահովում են ՀՀ գիտական կազմակերպությունների համագործակցությունը միջազգային կառույցների հետ:

 

 

ԳՊԿ նախագահը նշեց, որ գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ նոր մեխանիզմների ներդրման նպատակով պատրաստվում են առաջարկություններ պետական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցողների հավելավճարների ավելացման, գիտական  աշխատողների աշխատավարձերի բարձրացման եւ գիտական աշխատողների աշխատավարձերի սանդղակի օրինակելի տարբերակի ներդրման ուղղություններով:

 

Անդրադառնալով երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերին՝ ԳՊԿ նախագահը նշեց, որ 2009 թվականից սկսած կոմիտեի կողմից իրականացվում են ծրագրեր՝ 300 մլն դրամի շրջանակներում: Ֆինանսավորվել են թվով 81 երիտասարդական  ծրագրեր, արդյունքում՝  124 երիտասարդների տրվել է աջակցություն: 2012 թ. սկսած ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի հովանավորությամբ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ՝ համաֆինանսավորման սկզբունքով:

 

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերի ընդլայնման ուղղությամբ առաջիկա տարիներին նախատեսվում է 20 %-ով ավելացնել երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության ծրագրերի եւ ասպիրանտների աջակցության անհատական ծրագրերի ֆինանսավորման  ծավալները: Հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների առաջարկները՝ որոշվել է հաջորդ տարի այս ծրագրում ընդգրկել նաեւ հայցորդներին:

 

Մշակվել է գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը, ինչը ենթադրում է երիտասարդ գիտնականների սոցիալական պայմանների բարելավում, հետդոկտորանտուրայի եւ ասպիրանտուրայի ուսուցում արտերկրում՝ այդ ժամանակահատվածից հետո որոշակի ժամկետով պարտադիր ՀՀ-ում աշխատելու պայմանով եւ այլն:

 

ԳՊԿ նախագահն անդրադարձավ նաեւ գիտական պետական  կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի միջեւ առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով կատարվելիք աշխատանքներին: Նա նշեց, որ շարունակվելու է աջակցությունը մասնավոր հատվածից համաֆինանսավորում ունեցող գիտական ծրագրերին:

 

2010  թվականին կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում 42 ներկայացված հայտից ֆինանսավորվել են բավական բարձր ցուցանիշներ գրանցած 17 հայտեր: Այդ ծրագրերում մասնավոր հատվածի ներդրումը կազմում էր առնվազն 15 %: Ապագայում եւս նախատեսվում է անցկացնել նմանատիպ մրցույթ՝ մասնավոր հատվածի չափաբաժինը սահմանելով առնվազն 25 %, ինչպես նաեւ՝ ավելացնելով ծրագրերի քանակը:

 

Շարունակվելու է նաեւ միջազգային համագործակցության զարգացումն այս բնագավառում՝ պայմանագրերի կնքում ինովացիոն կենտրոնների հետ, գիտական արդյունքների առեւտրայնացման ուղղությամբ համատեղ աշխատանքներ ՀՀ ում եւ արտերկրում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին