ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղի ունեցավ «Հայկական վիրտուալ գիտական գրադարանի» շնորհանդեսը

30.11.2011

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում տեղի ունեցավ «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը:  Ծրագիրն իրականացնում են ՀՀ  կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը, ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամ Գլոբալ-ը (CRDF Global) եւ ԱՄՆ պետդեպարտամենտը:

 

Միջոցառումը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Կարեւորելով վիրտուալ գիտական գրադարանի ստեղծումը՝ նա նշեց, որ այն Հայաստանի գիտնականների համար  գիտական առցանց ամսագրեր եւ շտեմարաններ մուտք ունենալու եզակի հնարավորություն է: Այնուհետ ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա ընդգծեց,  որ վիրտուալ գրադարանի ստեղծումը հնարավորություն կտա հայ գիտնականներին ոչ միայն ծանոթանալ համաշխարհային գիտական մտքին, այլև իրենց աշխատությունները ներկայացնել համաշխարհային հանրությանը: Ս. Հարությունյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում  մինչև 2015 թ. համաշխարհային գիտական գրականության 70-80%-ը հայ գիտնականներին հասանելի դարձնելու ուղղությամբ:

 

Միջոցառման  ժամանակ Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամ Գլոբալ-ի կողմից Չարլզ Դունլապը ներկաներին ծանոթացրեց Հայաստանի վիրտուալ գրադարանի ինտերնետային հանգույցին (http://armeniavsl.org), իսկ «Թոմսոն Ռոյթերս» գործակալության գիտական կապերի եւ մտավոր սեփականության պատասխանատու Ահմեդ Բորհիդան ներկայացրեց Մատենաչափական եւ գիտաչափական տվյալների շտեմարանը:

 

«Հայաստանի  վիրտուալ գիտական գրադարան» ծրագիրը կգործի 2012 թ. փետրվարից: Ծրագրի շնորհիվ  Հայաստանի ավելի քան 80 համալսարաններում և գիտահետազոտական ինստիտուտներում հասանելի կլինեն բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն գիտական հոդվածներ, Հայաստանի ինստիտուտների կողմից բաժանորդագրված ամսագրերը,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմայի կողմից հրատարակված գիտական հոդվածները, ՄԱԿ-ի Research4Life (Research4Life.org) ծրագրի ավելի քան 80 ամսագրերը… Ըստ «Թոմսոն Ռոյթերսի» հետ ձեռք բերված համաձայնության, երեք ամսվա փորձաշրջանի ընթացքում Հայաստանում մատչելի կլինի նաեւ «Թոմսոն Ռոյթերսի» «Web of Science» տվյալների բազան:

 

«Հայաստանի  վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շրջանակներում փետրվարի երկրորդ կեսից կիրականացվի ուսուցում համակարգից օգտվողների համար, նաեւ կտրամադրվի խորհրդատվություն եւ փորձագիտական կարծիք նոր ամսագրեր բաժանորդագրվելու եւ հրատարակիչների հետ բանակցային ռազմավարություն ձեւավորելու հարցում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին