ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտնականներին

22.12.2009

Դեկտեմբերի 22-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009-ի» շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքների հայտարարման ու դրամաշնորհների հանձնման արարողությունը: 


Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Չարլզ Լաբդելլը, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի տնօրեն Հարություն Կարապետյանը, Երեւանի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մրցույթի մասնակիցները:

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի և ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի կողմից սեպտեմբերին հայտարարված երիտասարդ գիտաշխատողների համատեղ մրցույթում հաղթած ծրագրերն ընտրվել են անկախ փորձագիտական համակարգով: 

Շնորհավորելով մրցույթի արդյունքում դրամաշնորհներ ստացած երիտասարդներին՝ Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց. «Մենք մշակում ենք գիտության երիտասարդացմանն ուղղված ծրագրի նախագիծ, որի բաղկացուցիչ մասն է կազմում նմանատիպ ծրագրերի իրականացումը: ԳԱՏԱՀ-ի եւ ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի հետ համատեղ հայտարարված ծրագիրը նախատեսված էր միայն ՀՀ ՊՈԱԿ-ներում անհատական կամ խմբային հետազոտական աշխատանքներով զբաղվող մինչև 35 տարեկան գիտնականների և հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ գիտնականների խմբերի համար: Բացի այդ, համատեղ մրցույթն անցկացվելու էր  բնական, ճշգրիտ և տեխնիկական գիտությունների բնագավառներում:  Այս պատճառով էլ կոմիտեն մրցույթ հայտարարեց նաեւ գիտության մյուս բնագավառների համար, որին կարող էին մասնակցել երիտասարդ գիտաշխատողներ՝ անկախ գիտական կազմակերպության կազմակերպա-իրավական ձեւից: Մենք մտադիր ենք ապագայում եւս հայտարարել նմանատիպ համաֆինանսավորվող մրցույթներ»:

 

Ընդհանուր առմամբ մրցույթներին մասնակցելու համար ներկայացվել էր 116 հայտ:

 

Միջոցառման ընթացքում Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը եւ ԳԱՏԱՀ-ի տնօրեն Հ. Կարապետյանը  հանձնեցին համատեղ մրցույթի արդյունքում հաղթած 11 անհատական եւ 8 խմբային  դրամաշնորհների վկայականները:

 

Գիտության պետական կոմիտեի կողմից  հայտարարված շնորհները կհանձնվեն առաջիկա շաբաթվա ընթացքում:


Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին