ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Վավերացվել են միջազգային գիտահետազոտական խմբի եւ միջազգային միացյալ լաբորատորիայի ստեղծման պայմանագրերը

29.11.2010

ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը նոյեմբերի 21-ից 24-ը գտնվում էր Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում (CNRS)՝  հայ-ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացված մրցույթում հաղթած երկու ծրագրերի վերաբերյալ պայմանագրերի վավերացման նպատակով:

 

Պայմանագրերից մեկով նախատեսվում է «Մարդ-շրջակա միջավայր փոխհարաբերությունը լեռնային գոտում՝ Հայաստանում» (HEMMA) ծրագրի իրականացման համար միջազգային միացյալ լաբորատորիայի ստեղծում: Ծրագիրը կիրականացնեն ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը եւ, ֆրանսիական կողմից, Լիոնի, Ռենի եւ Մոնպելիեի համալսարանները:

 

Վավերացվեց նաեւ «Փոքր Կովկասի լեռնաշղթայի երկրադինամիկան, էվոլյուցիան և ազդեցությունը բնական ռեսուրսների, ակտիվ տեկտոնիկայի և ռիսկերի տեղաբաշխման վրա» ծրագրի իրականացման նպատակով միջազգային  գիտահետազոտական խմբի ստեղծման վերաբերյալ եռակողմ պայմանագիրը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Բաքվի համալսարանի եւ Վրաստանի երկրաբանական ինստիտուտի կողմից: Համաֆինանսավորման սկզբունքով իրականացվելիք այս ծրագիրը  երեք երկրների գիտական համագործակցության զարգացման հիմքը կդառնա:

 

Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում Ս. Հարությունյանը եւ «Քենդլ» ծրագրի տեխնիկական տնօրեն Վ. Ցականովը հանդիպում ունեցան նաեւ  CNRS-ի Ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման թեման «Քենդլ» ծրագրի շրջանակներում հայ-ֆրանսիական հնարավոր համագործակցությունն էր:  Ֆրանսիացի գիտնականները պատրաստակամություն հայտնեցին կադրերի  վերապատրաստման հարցում եւ տեխնիկապես օժանդակել  «Քենդլ» ծրագրի իրագործմանը: CNRS-ի մասնագետները 2011թ.-ին կհրավիրվեն Երեւան՝ «Քենդլ»-ին նվիրված միջազգային երկու գիտաժողովների շրջանակներում համագործակցության մանրամասները քննարկելու համար:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին