ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Տեղի ունեցավ քննարկումների հարթակի անդրանիկ հանդիպումը

07.09.2018

Սեպտեմբերի 7-ին, համաձայն իր հայտարարության, Գիտության կոմիտեում տեղի ունեցավ կոմիտեի կողմից ստեղծված գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի անդրանիկ հանդիպումը գիտական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր եկել էին կոմիտե իրենց առաջարկություններով:

Հիշեցենք, որ հունիսին կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ 2018 թ. սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, ժամը 15:00-18:00-ը Գիտության կոմիտեի նիստերի դահլիճում կազմակերպվելու են գիտության ոլորտին նվիրված քննարկումներ՝ կոմիտեի նախագահի կամ նախագահի տեղակալի ղեկավարությամբ, որով կոչ էր արվում բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկություններ, դիտողություններ և/ կամ բողոքներ ունենալու դեպքում ակտիվորեն մասնակցել այդ քննարկումներին:

Հարթակի առաջին քննարկումը ղեկավարում էր կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Քննարկումներին մասնակցելու էին եկել գիտնականներ, ովքեր մեծամասամբ առաջադրեցին անձնականք բնույթի դիտարկումներ՝ հիմնականում «Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատող -2018» մրցույթի գնահատման մեթոդաբանության հետ կապված:

Կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալություն հայտնեց կոմիտեի գործունեության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և քննարկումների հարթակի աշխատանքներին շահագրգիռ մասնակցելու համար: Այնուհետև, կոմիտեի պատասխանատուները ներկայացրեցին իրենց դիտարկումները բարձրացված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև տվեցին պարզաբանումներ հարցադրումներին:

Առաջարկվեց հաջորդ հանդիպմանը ներկայացնել առավել առարկայական առաջարկություններ կոնկրետ խնդիրների վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ աշխատանքի:

Պարոն Սահակյանը նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով մտահոգ է գիտության ոլորտի զարգացմամբ, կարող է և պետք է իր նպաստը բերի ինչպես գիտության բարեփոխումների շրջանակներում մշակված ծրագրերի ներդրման մեջ, այնպես էլ գոյություն ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները բարելավելու և նորերը մշակելու գործում: 

 

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին