ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

«Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրերը»

18.06.2018

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի հովանավորությամբ հունիսի 18-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում  կայացավ «Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրերը» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը:

Հայոց լեզվի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման նպատակն էր երիտասարդ մասնագետների համար ճանաչված լեզվաբանների կողմից գիտական զեկուցումների ներկայացումը, լեզվի զարգացման հետ կապված տարբեր խնդիրների քննարկումը:

Նիստը բացեց  ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, որն իր խոսքում կարևորեց լեզվի պահպանման հարցում նման միջոցառումների անցկացումը:

Ողջունելով հյուրերին` նիստի նախագահ, Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, մասնավորապես, նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գիտության կոմիտեին և անձամբ Սամվել Հարությունյանին արդեն ավանդույթ դարձող այս միջոցառմանն աջակցության, ինչպես նաև մայրենի լեզվի խնդիրների նկատմամբ սրտացավ մոտեցման համար»:

Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Ռուզան Ասատրյանը կարդաց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ողջույնի խոսքը:

Միջոցառման շրջանակներում նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Հակոբ Կարապենց» հիմնադրամի համատեղ կազմակերպած Հակոբ Կարապենցի անվան մրցույթի 6 հաղթողներին հանձնվեցին մրցանակներն ու դրամական պարգևները: Ամենամյա մրցույթի արդյունքում կրթաթոշակներ են տրամադրվում  հումանիտար ֆակուլտետներում բարձր առաջադիմությամբ սովորող  և ստեղծագործական ջիղ ունեցող ուսանողների:

Պարգևատրման արարողությունից հետո սկսվեցին զեկուցումները, որոնք  վերաբերում էին հայոց լեզվի արդի հիմնահարցերի, հնչյունաբանական, բառապաշարային, քերականական, լեզվաոճական տարբեր իրողությունների, վիճահարույց խնդիրների: Զեկուցումներն ընդմիջվում էին քննարկումներով:

Այս միջոցառումով բացվում է  Գիտության կոմիտեի կողմից 2018 թ. ՀՀ պետական բյուջեից  ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների շարքը: Մյուս միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

 

2018 թ. Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ,

 

2018 թ. Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ: