ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը:

02.12.2019

Խոր վշտով հայտնում ենք, որ նոյեմբերի 30-ին կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Մհերի Սեդրակյանը:

Դավիթ Սեդրակյանի աշխատանքները վերաբերում են ճառագայթման տեսությանը և տեսական աստղաֆիզիկային։ Լինելով բնագավառի լավագույն մասնագետներից, դառնալով գիտական բազմաթիվ առաջարկների ու լուծումների, տեսությունների հեղինակ՝ Դավիթ Սեդրակյանը զուգահեռաբար պատվով է կատարել իրեն վստահված գիտավարչական պատասխանատու պաշտոնները՝ եղել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ և այլն: Դ. Սեդրակյանը հսկայական ավանդ ունի նաև գիտական կադրերի պատրաստման գործում՝ ոչ միայն հարազատ ԵՊՀ-ում, այլև աշխարհի ամենահայտնի գիտական կենտրոններում, որտեղ դասախոսություններով հանդես է եկել որպես հրավիրված պրոֆեսոր:

Դավիթ Սեդրակյանի հիմնած «Աստղաֆիզիկա» ամսագիրը հայկական եզակի պարբերականներից է, որն ինդեքսավորվում է Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի կողմից:

Գիտության մեջ ակադեմիկոսի վաստակը բարձր է գնահատվել բոլոր ժամանակներում. 1970 թ. նա դարձել է  Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր գիտության և տեխնիկայի բնագավառում, 1999 թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացու անվան մեդալով,  իսկ 2019-ին՝  ՀՀ պետական բարձր պարգևով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2013 թվականին Դավիթ Մհերի Սեդրակյանին շնորհվել է ՀՀ գիտության կոմիտեի ոսկե մեդալ՝ երկարամյա գիտական գործունեության, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև գիտության զարգացման գործում մեծ ավանդի ու ձեռքբերումների համար:

ՀՀ գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից հեռացած Դավիթ Սեդրակյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին և նրանց հետ կիսում է անդառնալի կորստի վիշտը:

Դավիթ Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-20.00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):

 

ՀՀ գիտության կոմիտե