ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բրյուսելում կստորագրվի «Հորիզոն-2020»-ին անդամակցելու համաձայնագիրը

02.05.2016

Հետազոտությունների և նորարարությունների ԵՄ «Հորիզոն-2020» շրջանակային (2014-2020) ծրագրին  Հայաստանի ասոցացված անդամակցության համաձայնագրի կնքման բանակցությունները սկսվել են դեռևս 2013թ. հուլիսին: 2015թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը N 1255–Ա որոշմամբ համաձայնություն է տվել «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության մասին համաձայնագրի կնքմանը: Համաձայնագիրը, որը ստորագրվելու է 2016թ. մայիսի 19-ին Բրյուսելում, 2016թ. հունվարի 1-ից արդեն իսկ գործում է:

«Հորիզոն-2020» ծրագիրը գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման աջակցության համաեվրոպական մասշտաբի 8-րդ Շրջանակային ծրագիրն է, որը գործելու է 2014-2020թթ. ընթացքում:

 «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս հանրապետության գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև անհատ գիտնականներին ու ասպիրատներին՝ մասնակցել գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխանող ամենաառաջնակարգ և կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցությունների աշխատանքներին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից, բարձրացնել տեխնոլոգիական ու նորարարական ունակությունները, գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում, ավելացնել հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները և այլն:

«Հորիզոն-2020»-ի ընդհանուր ֆինանսական ծավալները կազմում են շուրջ 80 մլրդ եվրո՝ յոթ տարվա համար: Ծրագրի միջոցով ֆինանսավորվելու են գիտական հետազոտությունների, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարության, նոր տեխնոլոգիաների, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության խթանման բնագավառների հայտեր:

 «Հորիզոն-2020» ծրագրին կարող են մասնակցել գիտահետազոտական կենտրոնները, ինստիտուտները, համալսարանները, տեղական և տարածաշրջանային իշխանություն­ները, կորպորացիաները, փոքր և միջին ձեռնարկությունները, ոչ առևտրային կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը հատկացվում է միայն մրցութային հիմունքներով և այդ մրցույթներին իրավունք ունեն մասնակցելու ԵՄ անդամ-պետությունները, ԵՄ անդամ-պետությունների իրավասության ներքո գտնվող 21 «անդրծովյան երկրները և տարածքները», «Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված երկրները (2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ դրանց քանակը 13 էր, իսկ 2016թ. հունվարի 1-ից դրանց է միացել նաև Հայաստանը), ևս 134 երկրներ (2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հրավերի պայմաններով այս կամ այն երկրի/երկրների մասնակցությունը բացառվում է:

Ծրագրին մասնակցելու համար կազմակերպություններին առաջադրված միակ պայմանը բարձր մակարդակի հետազոտությունների իրականացման ունակությունն է: Այդ իմաստով հայաստանյան բոլոր գիտական կազմակերպությունները և բուհերը բավարարում են «Հորիզոն-2020»-ի պահանջներին, կարող են ու արդեն իսկ մասնակցում են ծրագրի մրցույթներին: Իհարկե, եթե մինչև 2016թ. հունվարի 1-ը այդ մասնակցությունն իրականացվում էր երրորդ երկրների գիտական կազմակերպությունների կարգավիճակով,  ապա` ներկայում այն կարող է լինել Ինչպես ԵՄ անդամ-պետությունների և «Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված երկրների կազմակերպություններինն է:

«Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված անդամակցության համար Հայաստանը յուրաքանչյուր տարի պետք է կատարի ֆինանսական ներդրում: Բանակցությունների արդյունքում հաջողվել է ձեռք է բերել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի ֆինանսական ներդրումը լինելու է հաշվարկայինի 25 %-ի չափով: Բացի դրանից, ձեռք է բերվել ևս մեկ պայմանավորվածություն՝ Հայաստանի մասնակցության առաջին երկու տարիների վարձավճարի 50% ֆինանսավորվելու է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից (մյուս տարիների համար կլինեն լրացուցիչ բանակցություններ): Այսպիսով, «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությունն իրականացվում է Հայաստանի մասնակցության հաշվարկային պարտավորությունների 87.5 % զեղչի պայմաններում: 

Բանակցությունների հաջողվածությունն անկասկած է. նախ` «Հորիզոն-2020-ի» անդամակցության կարևորությունը, երկրորդը՝ մասնակցության վարձավճարի աննախադեպ զեղչը՝ Հայաստանը վճարելու է մասնակցության անդամավճարի միայն 12.5 %, և երրորդը՝ ապագա Շրջանակային ծրագրերին Հայաստանի մասնակցությունը լինելու է որպես «Հորիզոն-2020» անդամակցության մեխանիկական շարունակություն` առանց լրացուցիչ բանակցությունների: 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 25.02.2016թ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Սահակյանի հետ  հարցազրույցից: